Ֆրանսիայի խորհրդարանը կքննարկի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը

Օրինագծի հեղինակ Վալերի Բուայե

Փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանը երեկ հայտնել է, փետրվարի 6-ին Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն եւ նրա հինգ գործընկերները Հայոց ցեղասպանության ժխտման մի նոր օրինագիծ են ներկայացվել Ազգային ժողով:

Օրինագիծը միտում ունի Ֆրանսիայի ներքին օրենքները համապատասխանեցնել 2008 թվականի նոյեմբերի 28-ի Եվրամիության խորհրդի որոշմանը, այն է` ժխտողականության դեմ պայքարել պատժիչ օրենքի միջոցով:

Ֆիլիպ Գրիգորյանը հիշեցրել է, որ ԵՄ այդ որոշմանը համապատասխանեցումը «օրենսդրական կրկնակի պարտականություն է», եւ դրա դեմ չի կարող վկայաբերվել Սահմանադրությունը:

Երկու տարի առաջ, հիշեցնենք, նույն Վալերի Բուայեի ներկայացրած օրինագիծը խորհրդարանի երկու պալատներում քվեարկությամբ ընդունվելուց հետո մերժվեց Սահմանադրական հանձնաժողովի կողմից` այն առարկությամբ, թե չէր համապատասխանում երկրի Սահմանադրությանը:

Նոր օրինագիծն առաջարկում է 45 հազար եվրո տուգանքով եւ/կամ 2 տարի ազատազրկմամբ պատժել նրանց, ովքեր «մտադրված կերպով ատելություն ու բռնություն կհրահրեն, լարվածություն կառաջացնեն` հակառակվելով մեկ կամ մի քանի ցեղասպանությունների գոյությանը կամ դրանց իրավական որակմանը, ինչպես նաեւ մարդկության դեմ ոճրին, պատերազմական ոճիրներին, ստրուկների վաճառքին կամ Հայոց ցեղասպանությանը»:

Առայժմ հայտնի չէ, թե Ֆրանսիայի Ազգային ժողովը երբ կքննարկի ներկայացված օրինագիծը: