10 հազար մանաթ` Աքրամ Այլիսլիի ականջի համար

Աքրամ Այլիսլին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, արխիվ

Ադրբեջանի կառավարամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը որոշում է ընդունել պարգեւատրել նրան, ով կկտրի ադրբեջանցի անվանի գրող, երկրում մեծ աղմուկ բարձրացրած «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսիի ականջը։

«Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիեւը հաստատել է այդ փաստը։ «Անցած շաբաթ մենք քննարկում անցկացրեցինք եւ այդպիսի որոշում ընդունեցինք։ Այն ամուր է եւ չեղյալ չի հայտարարվելու», - ասել է Հաջիեւը` մանրամասնելով. - «Ընդունված է որոշում, որ Այլիսլիի համար բոլոր պատիժները քիչ կլինեն, եւ անհրաժեշտ է կտրել նրա ականջը։ Այդ որոշման ի կատար ածումը հանձնարարվել է կուսակցության երիտասարդական բաժանմունքի անդամներին։ Որոշումը կատարողին որպես պարգեւ կվճարվի 10 հազար մանաթ (ավելի քան 12.5 հազար դոլար)»։

Ըստ իրավաբանների, Հաջիեւը նման կոչի համար ենթակա է քրեական պատժի` ազատազրկման։
Այնուհանդերձ, ադրբեջանցի իրավապահները անտեսում են իշխանամետ գործչի հայտարարությունները։

Աքրամ Այլիսլին այդ կապակցությամբ «Թուրան» լրատվական գործակալությանը ասել է. - «Նրանք, ովքեր ազատություն են տալիս Հաֆիզ Հաջիեւի նմաններին, կործանում են ադրբեջանցի ժողովրդի բարոյականությունը»։

«Նորմալ երկրում իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեին նման հայտարարություններով հանդես եկողներին», - ընդգծել է ադրբեջանցի գրողը։

Նշելով, որ «Թուրան»-ի միջոցով դիմում է իրավապահ մարմիններին` իր անվտանգությունը ապահովելու կոչով, Այլիսլին հավելել է. - «Եթե իրավապահ մարմինները գործուն միջոցներ չձեռնարկեն, ես ստիպված կինեմ ընտանիքիս հետ մեկնել երկրից»։