«Մարտի 1» կազմակերպությունը դատի է տվել կրթության նախարարությանը

Մարտի 1-ի զոհերի հարազատները բողոքի ակցիա են անցկացնում, արխիվ

2008 թվականի մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մոր` Ալլա Հովհաննիսյանի գլխավորած «Մարտի 1» հասարակական կազմակերպությունը դատի է տվել կրթության եւ գիտության նախարարությանը` «Հայոց պատմություն» բուհական դասագիրքը երաշխավորելու համար:

Հիմնավորելով, որ դասագրքում տեղ են գտել «իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տեղեկություններ, Մարտի 1-ի զոհերը ներկայացվում են որպես հանցագործներ», հայցվոր կողմը Վարչական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել դասագիրքը երաշխավորելու մասին նախարար Արմեն Աշոտյանի հրամանը:

Հայցադիմումում նշված է, որ նախարարի հրամանով ոտնահարվում է Մարտի 1-ի զոհերի արժանապատվությունը, խաթարվում է որակյալ կրթության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը, ըստ այդմ էլ խախտվում է պետության կողմից մարդու արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող սահմանադրական պահանջն ու «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը:

Դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել բուհերում դասավանդվող այս դասագրքում տեղ գտած հատկապես այն պնդումը, որ «ցուցարարները սկսեցին հարձակումներ գործել ոստիկանների վրա, բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց տասը հոգի` ոստիկանության երկու աշխատող եւ ութ քաղաքացիական անձ»: Հայցվոր կողմը վկայակոչում է քրեական գործում եւ որեւէ պաշտոնական փաստաթղթում ընդդիմության կամ ցուցարարների կողմից զենքի կիրառման մասին որեւէ ծանրակշիռ ապացույցի բացակայությունը` եզրակացնելով` «այսպիսի փաստագրումը, այն էլ «Հայոց պատմության դասագրքում առավել քան անհեթեթ է»: Ալլա Հովհաննիսյանը պնդում է, որ քանի դեռ քրեական գործը նախաքննության փուլում է, նման ձեւակերպումները պետք է դասագրքից հանվեն:

«Այնքան հասարակ ու թափանցիկ, ճիշտ բան ենք պահանջում… Ես քաղաքական պահը նկատի չունեմ, իրենք Կոնգրեսին, որ ուժին ոնց կբնութագրեն, թող այդ ուժն իրենց պատասխան տա: Մենք` որպես զոհերի ծնողներ, գտնում ենք, որ քանի դեռ գործը նախաքննության մեջ է գտնվում, դուք պետք է «Մարտի 1-ի» այդ մասից զերծ մնաք, դուք իրավունք չունեք դա ընդգրկել դասագրքի մեջ: Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ իմ երեխայի վրա բարդում են էնպիսի բան, որը չի եղել, ու իմ մյուս երեխան, որը պետք է պատմություն անցնի, գլուխը կախ ման գա, որ իր եղբայրը ինչ-որ հանցագործների մեջ է», - ասաց Հովհաննիսյանը:

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանը ծնողները` Սարգիս եւ Ազատուհի Քլոյանները, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարին կոչ արեցին երկուստեք հրազենի կիրառման մասին հավաստի տեղեկություններ ունենալու պարագայում այդ մասին տեղեկացնել քննչական մարմիններին:

«Կրթության եւ գիտության նախարա'ր, եթե Դուք տեսել եք, եթե Դուք տեղյակ եք, խնդրեմ, ունենք դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգություն, գնացեք, ասեք: Երկրորդը` իսկ ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը չի միջամտում ու կրթության եւ գիտության նախարարությանը չի ասում` «պարոն նախարար, ինչո՞ւ եք խանգարում մեր նախաքննությանը, ինչո՞ւ եք խանգարում, սա ի՞նչ գիրք է, որ տպել եք: Իրավունք չունեք այդ մասին որեւէ բան խոսելու»», - վրդովված էին զոհվածի ծնողները. - «Հինգ տարի է մեզ ասում են, բացահայտում չկա, հինգ տարի ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Ոչ մի բառ չեն ասում, բայց պատմություն են գրում` ո՞վ եւ ի՞նչ իրավունքով: Խաբում են մեր ուսանողներին մի պարզ պատճառով` չեն ուզում իրականությունը ցույց տալ, մի պարզ պատճառով, որ հետագայում իրենց վրա Մարտի 1-ի բիծ չմնա»:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի ցանկանում ներկայացված հայցադիմումի վերաբերյալ որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նա այստեղ քաղաքական ենթատեքստ տեսավ. - «Չեմ մեկնաբանում: Մարտի 1-ի վրա բա'վ է կառուցեն քաղաքական կապիտալ այն մարդիկ, որոնք այդպես էլ այլ քաղաքական կապիտալ չկառուցեցին: Բա'վ է այդ զոհերի գերեզմանին կանգնել եւ օգտագործել այդ դժբախտությունը` որպես քաղաքական պատվար: Մանավանդ, որ ականատեսը եղանք, թե ինչպես են պատրաստ սակարկելու նաեւ այդ մարդկանց արյունը որոշ քաղաքական շրջանակներ այլ շրջանակների հետ բանակցությունների ընթացքում: Ավա'րտ», - ասաց նախարարը` չպատասխանելով այլեւս որեւէ հարցի:

Ալլա Հովհաննիսյանը հակադարձում է, որ հենց իշխանություններն են դիտավորյալ քաղաքականացնում իրենց պահանջը:

«Մե՞նք ենք քաղաքականացնում, թե՞ իրենք: Թե՞ ուզում են դասագրքի միջոցով Մարտի 1-ի պատասխանատվությունից ազատվեն: Արմեն Աշոտյանը զարմանում է` ո՞նց կարող է Հայաստանում, որտեղ բոլորին ահաբեկել են, որտեղ այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ որեւէ մեկը չի կարողանում իր արդարությունը պահանջել, ինչ-որ մի քանի ծնող, հասարակ ժողովուրդ կարող է պատահի կարողանան իրենց երեխեքի հիշատակը վառ պահել ու պահանջել արդարադատություն… Զարմանում են` «ո՞նց է, որ մենք ողջ երկիրը մեզանով ենք արել, ու դեռ մի քանի հոգի կան, որ կարողանում են էս հարցը առաջ տանել»: Ուզում են ժողովրդին ապացուցել, որ իշխանության ղեկին են, ոնց ուզեն կանեն, մենք էլ պետք է իրենց ապացուցենք, որ մեր երեխաների հիշատակին տեր ենք ու մեր պահանջից երբեւէ հետ չենք կանգնելու: Որպեսզի իրենք հասկանան, որ այս երկրում վերջապես պետք է մի օր ճիշտն իր տեղը գտնի: Դա՞ է Ձեր ապահով Հայաստանը», - ասաց Հովհաննիսյանը: