«Լավագույն PR-ը Րաֆֆի Հովհաննիսյանն է իրականացնում»

Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի ժամանակ

Նախագահի թեկնածուներից լավագույն PR-ը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է իրականացնում, Պարույր Հայրիկյանի վրա հարձակումը PR քայլ չէր, այդուհանդերձ, բարձրացրեց նրա վարկանիշը: Այսպիսի կարծիք հայտնեցին այսօր հոգեբան Սամվել Խուդոյանը եւ PR-ի մասնագետ Հրաչյա Տաթեւյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Շենքերի պատերը, գովազդային մեծ վահանակները, հեռուստաէկրանները, համացանցն իր տարբեր դրսեւորումներով՝ սոցիալական կայքեր, հատուկ բացված նախընտրական կայքեր... այս եւ այլ գործիքներով են նախագահի թեկնածուներն իրականացնում իրենց PR-ը: Դրա նրբությունները եւ նորությունները, սակայն, որոնք օգտագործվում են արեւմտյան երկրներում, մասնագետները այս քարոզարշավին չեն նկատել, բացի թերեւս նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի իրականացրած PR-ից:

«Մինչ այդ բոլոր թեկնածուները մի տեսակ սահման էին դնում՝ ես այստեղ, դուք` այդտեղ: Անշուշտ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քարոզարշավի արդյունքն է, որ նա բարձր վարկանիշ ունի», - ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, Խուդոյանի խոսքով, ավելի շատ փորձում է ազդել ինտելեկտուալ ընտրազանգվածի վրա: Անդրիաս Ղուկասյանի կատարած քայլը իր վրա ուշադրություն կենտրոնացնելու քայլ է եւ չի ավելացնի նրա ձայները, նույն կարծիքին է նաեւ Վարդան Սեդրակյանի իրականացրած PR-ի մասին:

Մասնագետների խոսքով` Պարույր Հայրիկյանի վարկանիշը աճեց նրա վրա զինված հարձակումից հետո: Կպահպանվի այն մինչեւ ընտրությունների օրը, դեռեւս հարց է:

Նկատենք, որ հունվարի 19-ին Բուլղարիայում թուրքական փոքրամասնությունը խորհրդարանում ներկայացնող կուսակցության առաջնորդի վրա եւս զինված հարձակում եղավ հենց բեմի վրա, սակայն ինքը` պատգամավորը վնասազերծեց հարձակվողին: Շատերը հետո խոսեցին այն մասին, որ սա զուտ PR քայլ էր, քանի որ իրադարձությունները հոլիվուդյան ֆիլմ էին հիշեցնում: «Դիտարկո՞ւմ են արդյոք Պարույր Հայրիկյանի վրա հարձակումը որպես PR քայլ» հարցին, Տաթեւյանը պատասխանեց. - «Տարիների ընթացքում հետեւելով Հայրիկյանին, ինձ չի թվում, որ նա ուղղակիորեն այդպիսի բան կազմակերպի ինքն իր դեմ»:

«Պարույր Հայրիկյանն ամենեւին այդպիսին չէ: Ես բացառում եմ, որ նրա կերպարով մարդը այդպիսի քայլի գնար», - նշեց Սամվել Խուդոյանը:

Այս ընտրություններին թեկնածուների էջերը եւ նրանց համակիրները սոցցանցերում գուցե ավելի ակտիվ են` ի տարբերություն նախորդի, սակայն մասնագետների խոսքով` ավելի շատ PR գործիքների օգտագործում եւ պրոֆեսիոնալ PR մեծ մասշտաբով չի նկատվում: