Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է

Անդրիաս Ղուկասյանը հացադուլի վայրում, արխիվ

Հացադուլի 17-րդ օրը վատթարացել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը։

Թեկնածուն հացադուլի վայրում` Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջեւ, անցել է անկողնային ռեժիմի։

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Կամսար Բաբինյանը, այցելելով Ղուկասյանին, շտապ բուժօգնության ծառայության շուրջօրյա հերթապահություն սահմանեց։

Բաբինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հորդորել է Ղուկասյանին անհապաղ ստացիոնար զննություն անցնել։

Բժիշկները պարբերաբար զննում են թեկնածուին, նրա մոտ նկատվում են արյան ճնշման տատանումներ։

Ինքը Ղուկասյանը մտադիր չէ դադարեցնել հացադուլը։ Թեկնածուի շտաբը առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ։

Օրվա ընթացքում Անդրիաս Ղուկասյանին են այցելում նախագահի մյուս թեկնածուները։


Կարլեն Ասլանյան