Կայացավ Ղուկասյանի փեսայի սպանության գործով հերթական դատական նիստը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործի դատաքննությունը։

27-ամյա Եսայանի սպանության գործով ձերբակալված Հարություն Սարգսյանին սպանության եւ ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքներ են առաջադրված:

Դատական նիստի մեկնարկից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց Հարություն Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին, մասնավորապես հիմնավորելով, որ իր կարծիքով իր պաշտպանյալը արդեն մոտ 10 ամիս ապօրինի գտնվում է անազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, նրա կալանքի ժամկետը երկարաձգելու, ապա նաեւ խափանման միջոցը անփոփոխ թողնելու՝ դատարանի կողմից կայացված որոշումներում «գոյություն չունի հղում գործով ձեռք բերված որեւէ ապացույցի, փաստաթղթի վրա, որով հնարավոր կլիներ հիմնավորել Սարգսյանին անազատության մեջ պահելու հանգամանքը»։

Մինչդեռ, մեղադրող կողմի կարծիքով, ամբաստանյալի շահերի պաշտպանի ներկայացրած միջնորդությունն անհիմն է ու ենթակա է մերժման, մասնավորապես քանի որ Սարգսյանը, ազատության մեջ մնալով, կարող է փորձել խուսափել քրեական պատասխանատվություն, թաքնվել քննությունից եւ խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ «ինչի մասին վկայում է նաեւ ամբաստանյալի պահվածքը դատարանում»։

Դատավոր Մարտի Սարոյանը, երկու ժամից ավելի խորհրդակցական սենյակում մնալուց հետո, մերժեց ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հիմքեր չեն առաջացել։

Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալլի շահերի նոր պաշտպանի՝ Հունան Բաբայանի միջնորդությամբ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 27–ին։