Իվանիշվիլիի երազում է 20 տարի անց Վրաստանը տեսնել ԵՄ-ում

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետը ասել է, որ մտադիր չէ ունկնդրել խորհրդարանում նախագահի ամենամյա ուղերձը։
Վրաստանի վարչապետի եւ նախագահի հարաբերությունները հետզհետե ավելի են սրվում։ Արտաքին ասպարեզում տարաձայնությունների քաղաքական առանցքը Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Իվանիշվիլին այսօր իր ելույթում ասել է, որ Թբիլիսին մտադիր է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ ռազմավարական նպատակը չի փոխվում. Վրաստանի ապագան Եվրոպան է։ Նա ասել է, որ իր երազանքն է 20 տարի անց հայրենիքը տեսնել Եվրոպական միությունում, բայց դրա համար, Իվանիշվիլիի խոսքերով, պետք է շատ բան փոխել, նախեւառաջ` զարգացնել տնտեսությունը։

«Իհարկե, Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն տեսականորեն կարող են կազմալուծվել, բայց այսօրվա դրությամբ դրանք առավել կայուն կազմակերպություններն են, եւ մեր անդամակցությունը շատ կարեւոր է: Իսկ ՆԱՏՕ-ն ընդհանրապես անվտանգության ամենակայուն համակարգն է», - ասել է Վրաստանի վարչապետը։

Իր այսօրվա ելույթում Իվանիշվիլին հայտարարել է, թե մտադիր չէ ընդդիմության հետ առեւտուր անել սահմանադրական փոփոխությունների շուրջ։

Ընդդիմությունն առաջարկել է ընդունել Սահմանադրության մի լրամշակում, որի համաձայն Վրաստանը անփոփոխ է հայտարարելու իր արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Խորհրդարանական ներկայիս փոքրամասնութությունը, որը դեռ անցյալ տարի իշխել է, այս տարվա հունվարի 30-ին է հանդես եկել Սահմանադրությունը լրամշակելու նախաձեռնությամբ։

«Ազգային միացյալ շարժման անունից առաջարկում ենք անշեղելի դարձնել մեր արտաքին կուրսը, այն պետք է ներառի երեք բաղադրիչ` Վրաստանը պետք է անդամակցի Եվրոպական միությանը, ՆԱՏՕ-ին եւ Վրաստանի ոչ մի կառավարություն չի կարող վերանայել այդ ուղին»,- խորհրդարանում ասել է փոխխոսնակ Գիորգի Բարամիձեն։

Վարչապետ Իվանիշվիլիի արձագանքը բավական կոշտ էր, որոշ չափով` նույնիսկ հեգնական։

«Դա ծիծաղելի է, ոչ մի երկրի Մայր օրենքում նման բան չես տեսնի, եւ մենք էլ դա չենք անի, թեպետ այո` մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Եվրոպական միություն եւ միաժամանակ նախատեսում է Ռուսաստանի հետ կապերի բարելավում»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։

2008 թվականի օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։ Բայց ռուս-վրացական կապերը դրանից ավելի վաղ են վատթարացել։

2006-ից Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի կարգադրությամբ արգելվել է վրացական գինու եւ հանքային ջրի մուտքը ռուսաստանյան շուկա։

«Վրաստանը կարող է տարեկան մոտ տասը միլիոն շիշ գինի արտահանել Ռուսաստան, մեկ շշի նվազագույն գինը կլինի 300 ռուբլի», - ասել է Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին։

Բիձինա Իվանիշվիլին այսօր ասել է, որ Վրաստանը Ռուսաստան կուղարկի բարձր որակի, էկոլոգիապես մաքուր արտադրանք, որը կհամապատասխանի բոլոր միջազգային պահանջներին։

«Մենք պետք է գիտակցենք, որ ռուսական շուկայում կունենանք շատ մրցակիցներ, ուստի միայն որակյալ արտադրանքը կտա առաջատար դիրք գրավելու հնարավորություն», - ասել է Իվանիշվիլին։

Նա նշել է նաեւ, որ ռուսաստանցի ներդրողները մտադիր են աշխատել վրացական շուկայում։

Առաջիկայում ռուսաստանցի փորձագետները կայցելեն Վրաստան եւ կքննարկեն գինու արտադրությանն ու արտահանմանը վերաբերող հարցեր։ Իսկ մարտի առաջին օրերին երկու երկրների արտգործնախարարությունների պատվիրակները կքննարկեն քաղաքական հարցեր։

Այս տեղաշարժն է դատապարտում նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով համոզված է, որ նման քայլերով Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում զիջումների է գնում եւ նվաստանում է։

Փետրվարի 8-ին նախատեսված է Սաակաշվիլիի վերջին ամենամյա ուղերձը խորհրդարանում։ Վարչապետը հայտնել է, որ ներկա չի լինի։

«Ես չեմ ուզում նրա հիմարությունները լսել», - ասել է Բիձինա Իվանիշվիլին։