«Սիրիահայ համայնքի գոյությունը վտանգված է»

Your browser doesn’t support HTML5

Լիբանանի կառավարության պետական նախարար, բրիգադի գեներալ Փանոս Մանջյանի ներկայացմամբ, Սիրիայի շուրջ 70 հազարանոց հայ համայնքի մոտ 1/3-րդ արդեն թողել է երկիրը եւ այսօր վտանգի տակ է սիրիահայ համայնքի գոյությունը:

«Սիրիահայերը շատ լավ վիճակի մեջ չեն անվտանգության, տնտեսական տեսանկյուններից, որովհետեւ մեծ քաղաքներից մեկը` Հալեպը, հսկա վտանգի տակ է, եւ հայ համայնքի մի մասը արդեն հասել է Հայաստան, մի մասը` Լիբանան, մյուս մասը գաղթել է դեպի Եվրոպա», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասաց Մանջյանը:

Նա պատմեց, որ Լիբանանի հայկական կառույցները` բոլոր կուսակցությունները, Հայ առաքելական, Կաթողիկե, Ավետարանական եկեղեցիները ուժերի ներածին չափով փորձում են օգնել սիրիահայերին, նրանց նախ տնով են ապահովել, իսկ հայ աշակերտներին դպրոցներում են տեղավորել:

«Կարող ենք ասել, որ Սիրիայում երկու տեսակի գաղթ կա, ոմանք ռմբակոծությունների տակ գտնվող շրջաններից գաղթում են ավելի ապահով վայրեր, ներքին գաղթ ենք անվանում սա: Մյուս մասն էլ արտագաղթել է: Լիբանան հասել է մոտ 6000 սիրիահայ: Սիրիայից դուրս են եկել 20 հազարից ավելի հայեր», - նշեց Մանջյանը:

Մանջյանը շեշտեց, որ այսօր վտանգի տակ է հայտնվել սիրիահայ համայնքի բուն գոյությունը, եւ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, կշարունակվի նաեւ հայերի հոսքը Սիրիայից: Նա նաեւ ասաց, որ հայերը հիմնականում չեզոք դիրք ունեն հակամարտող կողմերի նկատմամբ:

«Փորձում են չեզոքությունը պահել, բայց ոմանք ընդդիմադիրների կամ կառավարության կողմն են: Համայնքը հարաբերություններ ունի բոլոր կողմերի հետ, եւ փորձում են ոչ թե չեզոք, այլ իբրեւ սիրիացի վարվել», - ասաց Լիբանանի պետնախարարը:

Շուտով կլինի երկու տարի, ինչ Սիրիայում չեմ դադարում ռազմական գործողությունները Բաշար ալ-Ասադի վարչակազմին հավատարիմ զորամիավորումների եւ ապստամբ ուժերի միջեւ: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, բախումների հետեւանքով 2011-ի մարտից ի վեր Սիրիայում զոհվել է շուրջ 60 հազար հոգի, երկիրը լքել է մոտ մեկ միլիոն մարդ:

Հարցին, թե որպես Լիբանանի կառավարության ներկայացուցիչ, ի՞նչ է կարծում` Սիրիայում զարգացումները դեպի ուր են գնում, Մանջյանը պատասխանեց. - «Զարգացումները բավականին երկար կտեւեն: Սիրիայի իշխանությունները զորավոր իշխանություններ են, բայց իրենց հակադիր կողմերն էլ դրսի երկրներից հսկայական օժանդակություն են ստանում: Այդ իմաստով, երբ կառավարությունը զորավոր է եւ միլիցիաները զորավոր են, ավերումը շատ մեծ է: Թե ուր են գնում զարգացումները, դժվար է ասել, բայց կարող ենք հետեւություն անել, որ հարցը շատ երկար կտեւի, տարիներ կտեւի»:

Անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական իրավիճակին` Մանջյանը ասաց. - «Կարող ենք ասել, որ անվտանգության տեսակետից ընդունելի է, չեմ ասում, որ բացառիկ լավ է, կառավարությունը տարբեր տեսակի ճնշումների տակ է, մենք խոսեցինք միայն հայ գաղթականների մասին, բայց մեր երկրում արդեն մոտ 300 հազար սիրիացի, արաբ եւ պաղեստինցի գաղթականներ ենք ընդունել: Նրանք կարող ենք տնտեսական, սոցիալական, անվտանգության տեսակետից հսկա վտանգ դառնալ Լիբանանի համար»: