Նախագահական ընտրությունների մասին նաեւ բեմից

Ներկայացման պաստառը

«Ֆորում թատրոն» հկ-ը բեմադրել է «Ընտրարարման 7 օր» ներկայացումը:

Թատրոնի առանձնահատկությունն այն է, որ միշտ փորձում է բեմ բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրները. այս շրջանում անդրադարձել են նախագահական ընտրություններին:

«Կարծում եմ ներկայացումը այսօրվա համար շատ դիպուկ է, հատկապես իմ կերպարը, որը փորձում է կաշառել բոլոր ուսանողներին, որպեսզի ընտրեն «ամենաառաջադեմ թեկնածուին», - ասաց դերասանուհի Մարիաննա Եղիազարյանը:

«Հայաստանում այս թեման անյքան ժամանակ ակտուալ կլինի, քանի դեռ ժողովուրդը վստահ չէ՝ արդյո՞ք ընտրվողը իրենից է ընտրվում, ոչ թե ընտրվում է այն պատճառով, որ պիտի ընտրվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դերասան Տիգրան Մացակյանը:

«Ընտրարարման 7 օր» ինտերակտիվ ներկայացումը ցույց է տալիս մի ընտանիքի, որի հայրը պաշտոնի բարձրացման դիմաց, դուստրը՝ աշխատանք ստանալու, որդին՝ սիրած աղջկա հորը հաճոյանալու համար պիտի ընտրեն կոնկրետ թեկանծուի: Ընտրության օրվան մնացել է 7 օր եւ կախված նրանից, թե ում կընտրեն, կախված է նաեւ իրենց ապագան:

Ի վերջո խղճի հետ գործարքի գնալը քայքայում է ընտանիքը, ըստ այդմ հանդիսատեսին առաջարկվում է լուծումներ գտնել ընտրության գործընթացում առաջացող ոչ միանշանակ հարցերի շուրջ՝ գնալ շահի հետեւից, թե չվաճառել սեփական ձայնը նույնիսկ որոշակի խոստումների դիմաց:

Դերասանների խոսքով` ներկայացման մեջ այսօրվա հայաստանյան իրականությունն արտացոլող իրավիճակ է ստեղծված:

Ներկայացումը կխաղան նաեւ Գյումրիում եւ Վանաձորում: