Փորձագետ․ «Ձեւականորեն հավասար պայմաններ են ստեղծել»

Հայաստան -- Նախգահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավը Սյունիքում, Կապան, 23-ը հունվարի, 2013թ․

Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, հունվարի 21-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հասարակությունը ընդհանրապես չի վստահում ընտրական գործընթացներին։

«Այդ հանգամանքը պետք է մտահոգի բոլոր, հատկապես ընդդիմադիր թեկնածուներին, որովհետեւ եթե նրանք ցանկանում են հաղթել, հասկանալի է, որ պետք է կարողանան ինչ-որ կերպ լուծել այս հարցը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց փորձագետը, - «Հասարակությունը ունի կեղծված ընտրությունների դառը փորձ եւ այսօր էլ տեսնում է, որ իշխանությունները հակված չեն անցկացնել իրական ազատ եւ արդար ընտրություններ։ Հասարակությունը տեսնում է, որ վարչական ռեսուրսը լայնորեն կիրառվում է»։

Անդրադառնալով իշխանական թեկնածուի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավին, փորձագետը, մասնավորապես, ասաց․ - «Իշխանական թեկնածուի քարոզարշավի ժամանակ ես նկատեցի, որ վերջին շրջանում բավականին լարված մթնոլորտում են անցնում եւ իշխանության թեկնածուն այդքան էլ ինքնավստահ չէր զգում, եւ կարծում եմ դրանով են բացատրվում տարբեր տեսակի էմոցիոնալ պոռթկումները, ջղային տոնը, եւ այլն»։

Էդգար Վարդանյանի դիտարկումներով, ընտրությունները հավասար մրցակցային պայմաններում չեն անցնում։

«Ձեւականորեն կարծես թե տարբեր թեկնածուների համար հավասար պայմաններ են ստեղծել, օրինակ՝ հեռուստաեթերում, բայց իրականում ես տեսնում եմ, որ այս կամ այն ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավը լուսաբանելիս հեռուստաընկերությունները փորձում են չներկայացնել այդ թեկնածուի հիմնական մեսիջը, փորձում են շեշտը դնել երկրորդական, երրորդական խոսքերի, հայտարարությունների վրա եւ դրանով իսկ մանիպուլյացիայի են ենթարկում հանրությանը», - նշեց փորձագետը։

Խոսելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին՝ Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները փորձում են այս միջադեպը օգտագործել «հասարակության հնարավոր նոր ակտիվացումը կանխելու համար»։

Նախընտրական քարոզարշավի ընթացքի վերաբերյալ զրուցեցինք նաեւ քաղաքագետ Արմեն Մինասյանի հետ, ում կարծիքով քարոզարշավի ընթացքը մինչեւ հունվարի 31-ը կարելի է «հանդարտ» որակել։

«Բայց հունվարի 31-ի հայտնի միջադեպից հետո ակնհայտ է, որ որոշակի սրբագրումներ կլինեն։ Որքանով ես եմ հետեւել, բոլոր թեկնածուները ունեն հավասար հնարավորություններ տարբեր տեխնոլոգիաներով ու միջոցներով իրականացնելու քարոզարշավը, ոմանք շատ են օգտվել առկա հնարավորություններից, ոմանք՝ քիչ, բայց, ըստ էության, բոլորի գնահատմամբ էլ մրցակցային հնարավորությունները հավասար են եղել», - մեկնաբանեց փորձագետը։