Հայրիկյանի ընկերոջ կարծիքով, մահափորձը ուղղված էր նաեւ Սերժ Սարգսյանի դեմ

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վաղեմի ընկեր, խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը ուղղված էր ոչ միայն նրա, այլ նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նախկին քաղբանտարկյալն ասաց, որ մահափորձի թիրախը նաեւ Սերժ Սարգսյանն էր՝ բացառելով այն վարկածը, թե կատարվածը կարող է իշխանությունների ձեռքի գործը լինել:

«Բոլոր ելույթներում ասվում է, որ մաքուր, լավ ընտրություններ եմ ես ուզում անցկացնել առաջին անգամ Հայաստանում: Այ դա փչացավ: Սերժ Սարգսյանը իրավունք ունի ասելու, որ՝ ես թիրախ եմ, իմ համբավը, իմ վարկը», - կարծիք հայտեց Արշակյանը՝ կարծիք հայտնելով, որ դրանում հետաքրքրված էին «այն ուժերը, որոնք հասկացան, որ վերջնականապես Հայաստանը դարձել է պետություն»:

Չմանրամասնելով՝ արտաքին, թե ներքին ուժեր են դրանք, Արշակյանը կարծում է, որ այս մահափորձով ցեխ շպրտվեց հայոց պետության վրա:

Արշակյանը, ով Հայրիկյանի հետ երկար տարիներ ազատազրկված է եղել, նաեւ բացառեց այն վարկածը, թե այս ամենը PR ակցիա է Հայրիկյանի կողմնակիցների կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել նրա վարկանիշը: Դա անտրամաբանական է, կարծում է նա:

Ազատ Արշակյանն ու Հայրիկյանը միմյանց մանկությունից են ճանաչում: Միասին են սկսել իրենց գործունեությունը ու միասին էլ ազատազրկվել են: Արշակյանն ասում է, որ Հայրիկյանը բախտավոր աստղի տակ է ծնվել ու ինչպես անցյալի ձախորդություններն ու վատ իրավիճակներն է հաղթահարել, այս դեպքում եւս նրան վատ բան չի կարող սպասել: Նա հիշում է երիտասարդ տարիները, երբ Հայրիկյանը տարբեր իրավիճակներից անփորձանք էր դուրս գալիս:

«Մենք շատ աշխույժ կյանքով ենք ապրել: Շատ անգամ արշավների էինք գնում մեր մոտոցիկլերով, շատ անգամներ ցավերի ենք ենթարկվել, ջարդուփշուր ենք եղել: Հայրիկյան Պարույրը բախտավոր աստղի տակ է ծնվել՝ ընկնելու, վթարների ժամանակ, օձը երբ կծում էր, կարիճը խայթում էր․․․ մի տեսակ՝ Աստված նրան պահպանում էր», - հիշում է նա: