«Ազատ դեմոկրատներ»-ը դատապարտում է Հայրիկյանի դեմ մահափորձը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:

Այն, կուսակցության վարչության այսօր տարածած հայտարարության համաձայն, «ուղղված էր առաջին հերթին Հայաստանի պետականության դեմ, եւ մարտահրավեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար»: «Պատահական չէ, որ մահափորձ կատարվեց հենց այն մարդու նկատմամբ, ով կանգնած է Հայաստանի անկախացման եւ ժողովրդավարացման ակունքներում», - ասված է հայտարարությունում։

«Ազատ դեմոկրատներ»-ը իրավապահ մարմիններից պահանջում է գործի արդարացի եւ արագ քննություն: «Ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում այս հանցագործության մեղավորները եւ պատասխանատուները կբացահայտվեն եւ խստագույնս կկրեն իրենց պատիժը», - հայտարարում է կուսակցությունը` Պարույր Հայրիկյանին հայտնելով իր զորակցությունը եւ մաղթելով շուտափույթ ապաքինում: