ԵՄ-ն «ամբողջովին» վստահելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականին

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի փոխանցմամբ, Եվրամիությունը մեծ ուշադրությամբ է հետեւելու գալիք նախագահական ընտրություններին Հայաստանում, եւ հայ-եվրոպական հարաբերությունների զարգացման առումով այդ ընտրություններն իրենց նշանակությունը կունենան:

Այդ մասին Հրիսթեան հայտնեց այսօր` Երեւանում Եվրամիության տեղեկատվական կետրոնի բացման ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Մենք սպասում ենք, որ գալիք ընտրությունները կանցնեն միջազգային նորմերին եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխան: Երկրորդ, մենք ամբողջովին վստահելու ենք այն գնահատականին, որը կտրվի ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ դիտորդական առաքելության կողմից, որը մենք ընկալում ենք որպես այստեղ` Հայաստանում, գործող ամենակոմպետենտ դիտորդական առաքելություն: Ուստի, մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի զեկույցին», - նշեց Հրիսթեան։

Եվրամիության պատվիրակության ղեկավարը ընդգծեց, որ հայաստանյան ընտրությունները իրենց նշանակությունը կուենան հայ-եվրոպական հարաբերությունների համար:

«Ինչպես նշել եմ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, [Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների] զարգացման առումով Եվրոպական Միությունը մեծ կարեւորություն է տալիս ընտրություններին, եւ մենք հուսով ենք, որ գալիք ընտրությունները կանցնեն միջազգային պարտավորություններին համապատասխան», - մասնավորապես, ասաց նա։:

Տրայան Հրիսթեայի հետ զրուցեցինք Երեւանում Եվրոպական տեղեկատվական կենտրոնի բացման ժամանակ: Եվրամիությունը ավելի քան ութ տասնյակ ծրագրեր է իրականացնում Հայաստանում, եւ նորաբաց կենտրոնի խնդիրն է այդ ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության մատուցումը: