«7-ի գործով» նախկին բանտարկյալը միացել է Ղուկասյանի հացադուլին

Շանթ Հարությունյանը եռօրյա հացադուլ է հայտարարել։
Քաղաքացիական ակտիվիստ, 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո «7-ի գործով» անցած Շանթ Հարությունյանն այսօր եռօրյա հացադուլով միացել է նախագահի թեկնածու Անդիաս Ղուկասյանի հացադուլին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հարությունն ասաց, որ այդ քայլով իր զորակցությունն է հայտնում Ղուկասյանի` շինծու ընտրությունների դեմ պայքարելու պահանջին:

Շանթ Հարությունյանը շեշտեց, որ Անդրիաս Ղուկասյանը ընկերը չէ, ոչ էլ մերձավորը. - «Սա իմ կողմից քաղաքացիական դիրքորոշման դրսեւորում է: Ուզում եմ, որ մարդիկ էլ դա իմանան, որ կարելի է նաեւ որպես քաղաքացի քո համերաշխությունը հայտնես չճանաչած մարդուն` եթե կիսում ես իր պահանջը»:

Հարությունյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Նա շուրջ 1 տարի մնաց կալանավայրում, հետո քրեական գործը կարճվեց։ Ընդդիմադիրին պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք առաջադրելու համար հիմք էր հանդիսացել մարտի 1-ի հանրահավաքում նրա ելույթը:

Այսօր ակտիվիստը շեշտեց, որ այն ժամանակ էլ ՀԱԿ-ի անդամ չի եղել. - «Ես այդ պայքարը նախաձեռնողը չեմ եղել: Նույն տրամաբանությամբ ես 2007 թվին Նիկոլը [Փաշինյան] նստացույց էր անում, ես իմ ընկերոջ հետ գնացել-միացել էի նրան: Նույն կերպ Մաշտոցի պուրակում եմ մի գիշեր մնացել: Մարտի 1-ին էլ նույն տրամաբանությամբ եմ գործել. տանն էի, ասեցին նման դեպքեր են եղել, վեր կացա գնացի: Այսինքն փորձում եմ իմ խղճի հետ հաշտ լինել»,- ասաց Հարությունյանը:

Ակտիվիստը բացառում է «Հայաստանում ընտրություններով հարց լուծելը», բայց, ի տարբերություն Անդրիաս Ղուկասյանի, Շանթ Հարությունյանի համար միակ ելքը «հեղափոխությունն է». «Ոնց որ ժամանակին եղել է Վրաստանում, Ուկրաինայում: Եթե իշխանությունը ավելի խիստ մոտիկանա, ուրեմն կստանա արաբական գարուն»:

Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ, մինչդեռ, իշխող ՀՀԿ-ն պետք է լուծարվի, քանի որ «բոլոր ընտրություններում ընտրակաշառք բաժանելով եւ մարդկանց քվեարկության հարկադրելով ծավալել է հակասահմանադրական գործունեություն», իսկ պետական ատյաններն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) «անգործություն են ցուցաբերել»` այդ կուսակցությանն ու դրա թեկնածուին հնարավորություն տալով մասնակցել ընտրություններին:

ԿԸՀ-ն, հիշեցնենք, հունվարի 18-ին մերժել էր Ղուկասյանի դիմումը Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին:

«Եթե Սերժ Սարգսյանը չօգտագործի իր վարչական ռեսուրսը, նա չէր կարողանա անգամ առաջարդվել, ոչ թե հաղթել», -«Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց հացադուլի մեջ գնտվող թեկնածուն` շարունակելով. - «Սա քրեաօլիգարխիկ համակարգ սպասարկող կուսակցություն է, միայն հարկադրանքի վրա հենված մեխանիզմներով կարող է գործել: Բացարձակ պարադոքս է, որ միջազգային հանրությունը ճանաչում է այդ կուսակցությունը որպես ժողովրդավարական պրոցեսների ավանգարդ: Եվ դա շատ մեծ վնաս է տալիս մեր հանրությանը, որովհետեւ վերացնում է հավատը մեր արժեքների նկատմամբ, հեռացնում է մեզ եվրոպական ժողովուրդների ընտանիքից եւ մեծ մոլորություն է ստեղծում մարդկանց ուղեղներում: Մարդիկ չեն հասկանում` որն է ճիշտ այս աշխարհում եվ որն է սուտ , եվ ամեն ինչը կարծես դառնում է սուտ: Եկել է ժամանակը, փորձել մեր կյանքը մաքրել խաբեությունից»:

Ի սկզբանե Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային դիտորդները չեն բոյկոտի նախագահական ընտրությունները: Այսօր ասաց, որ հացադուլի անցած մեկ շաբաթվա ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային որեւէ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ իրեն չի այցելել: Նա, սակայն, դա անտարբերություն չի համարում. - «Յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը: Դիտորդական առաքելությունն ունի իր աշխատանքի ծրագիրը: Սա քաղաքական պրոցես է, անհրաժեշտ է ժամանակ, որ իրենք տարանջատեն իսկական պրոցեսները կեղծ պրոցեսներից»:

Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը եվս իրեն չի այցելել. - «Ես չեմ վարում բանակցություններ իշխող կուսակցության հետ: Իմ պահանջը հստակ է` այդ կուսակցությունը պետք է հրաժարվի մրցակցությունից այս ընտրություններում: Ես գտնում եմ, որ այդ կուսակցությունը պետք է լուծարել»: