Հունվարի 26-ի մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ միանգամից երկու կուսակցություն հայտարարեցին, որ Հայաստանի նախագահի թեկնածուներից ոչ մեկին չեն սատարում: Խոսքն «Ազատ դեմոկրատների» եւ ՀՀՇ-ի մասին է: Մենք բազմիցս համոզվել ենք, որ քաղաքականության մեջ հավատարմության, ընկերության, տարրական բարոյականության մասին խոսելն անգամ ավելորդ է, բայց քաղաքական շրջանակներում պետք է հասկանան, որ ոչինչ բնության մեջ անհետ չի կորչում: Երբ դու տարիներ շարունակ ոչինչ չես ցանում, մի սպասիր, որ տարիներ անց ինչ-որ բան կհնձես: Եվ ոչ մի քաղաքագիտական վերլուծություն ինձ չի կարող համոզել, թե այդ ինչ աշխարհաքաղաքական ու հեռահար շարժառիթներ դրդեցին Հայ ազգային կոնգրեսին, ՀՀՇ-ին, «Ազատ դեմոկրատներին» չպաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Ինչո՞ւ չպետք է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նվազագույն ներդրումը չուզենար ունենալ իր հավատարիմ զինակցի, իր երբեմնի վարչապետի, իր ընկերոջ նախաձեռնած գործին: Չէ՞ որ նրանից մեծ բան չէր պահանջվում՝ ընդամենը պետք է կոչ անեին իրենց ընտրազանգվածին ձայնը տալ Հրանտ Բագրատյանի օգտին: Դա եւ ազնիվ կլիներ, եւ բնական ու հասկանալի»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Արարատյան Հայրապետական թեմը սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին պատրաստվում է մեծ հանդիսություն կազմակերպել Սիրահարների այգում, եւ այդ պատրաստության մասին հեռուստաավետիսներում նշվում է, որ տոնախմբությունն իրականացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Առնվազն զարմանալի է անլրջության աստիճանը, որով Հայաստանում հնարավոր է աղավաղել ամեն ինչ, անգամ՝ քրիստոնեական տոնացույցը, քաղաքականությունը խառնել նույնիսկ սիրահարների գեղեցիկ տոնին: Ի՞նչ է նշանակում «Սերժ Սարգսյանի բարձր հովանի»: Եթե Սերժ Սարգսյանն է տվել տոնախմբության փողը, ապա պետք է հենց այդպես էլ հայտարարվի ու նշվի, որ Սուրբ Սարգսի տոնն իրականացվում է Սերժ Սարգսյանի քարոզարշավի շրջանակներում: Այսինքն, պետք է հանրությունը տեղյակ լինի, որ դա քաղաքական միջոցառում է, եւ դրան թող մասնակցեն նրանք, ովքեր իրենց համարում են Սերժ Սարգսյանի ընտրողները»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նախագահական ընտրությունների քարոզարշավը կամաց-կամաց թեժանում է, բայց առայժմ այնքան էլ հասկանալի չէ, թե ով ինչ է ուզում եւ քաղաքագիտական լեզվով ասած` ով ինչ մեսիջ է հղում հասարակությանը: Բառերը շատ են, ասելիքը` քիչ, եւ արդյունքում շիլաշփոթ է ստացվում: Այսօր քաղաքական պայքարն ընթանում է երկու զուգահեռ հարթություններում. Մի դեպքում` պայքարը ընթանում է նախագահի յոթ թեկնածուների միջեւ, մյուս դեպքում` Սերժ Սարգսյանի եւ ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի միջեւ: Ընդ որում` առաջին հարթությունում պայքարը կարճաժամկետ է եւ մեծ հաշվով կանխատեսելի: Իսկ երկրորդում ամեն ինչ դեռ ավարտված չէ, դրա համար էլ հասարակության զգալի հատվածը հենց այդ պայքարի հետ է հույսեր կապում: Այնպես որ սպասենք նորանոր մեսիջների»:

«168 ժամ»-ը զրուցել է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի հետ: «Քաղաքական դաշտը շատերն ամայացած են համարում: Դուք եւս գտնո՞ւմ եք, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են, թե՞ մրցակցություն սպասում եք», - հարցնում է թերթը: Պատասխան. - «Քաղաքական դաշտը ոչ թե ամայացած է, այլ պարզապես գոյություն չունի: Պետք է կույր լինել՝ չհասկանալու համար, որ գործող նախագահն արդեն նախագահ է: Երկու կարծիք լինել չի կարող: Իրողությունը ցույց է տալիս, որ պայքարն անիմաստ է, ալտերնատիվ լինել չի կարող: Իսկ ծրագրային պաքարի մասին մոռացեք: Եթե կարողանանք մյուս ընտրություններին մի կերպ ուշքի գալ, ես պարզապես ուրախ կլինեմ: Սա համակարգային խնդիր է, ներքեւի օղակներն աշխատում են այնպես, ինչպես ցանկանում են: Ուզում եք` բոլոր նախարարներին փոխեք, մյուսներին դրեք, նույնն է, ոչինչ չի փոխվի»: Հարցին` իսկ ինչի՞ հետեւանքով է, որ այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի, Շահինյանը պատասխանում է. - «Որովհետեւ օրենքները չեն գործում, կամ դաժանորեն գործում են խեղճի նկատմամբ: Մենք հասել ենք հոգեւոր ու բարոյական սնանկացման վերջին, իսկ եթե ես սխալվում եմ, Աստված չանի, տեսնեմ մյուս վերջը: Ժողովուրդը այնքան է նահանջել իր իրավունքների հարցում, քաղաքական դաշտն այնքան է ապաքաղաքականացվել ու բազարի վերածվել, որ լոզունգի համար հնարավոր է դարձել Սասունցի Դավթի վրայի փոշին թափ տալ»:

«Առավոտ»-ի խմբագիրն արձագանքում է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի շուրջ ծավալված աղմուկին. - «Երբ հանրապետականները՝ առաջնորդվելով, հավանաբար, կոմունիստական իներցիայով, Լենինի փոխարեն մեխանիկորեն ցանկանում են դնել Նժդեհին, դա, իհարկե, հակառակ ռեակցիան է առաջացնում եւ վարկաբեկում է այդ հրաշալի, հայրենասեր մարդուն: Այդ առումով Նժդեհի մասին ֆիլմը, եթե նույնիսկ բոլոր ժամանակների անգերազանցելի գլուխգործոցը լիներ, միեւնույն է՝ ծաղրի եւ հարձակումների կարժանանար՝ մասնավորապես, հանրապետականներին չհամակրողների կողմից»: