«Լսարանը պահանջում է եթեր վերադարձնել հեքիաթը, թատրոնը»

Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Կարինե Տիտանյանի խոսքով` որքան էլ փոխվել են ժամանակներն ու որքան էլ մեծացել է երեխաների հետաքրքրությունների շրջանակը, այնուամենայնիվ, հեռուստատեսությունը նրանց կյանքում իր կայուն տեղն ու դերը պահպանել է: Իսկ թե որքանով են մեծերն ու ոլորտի մասնագետները բավարարում նրանց պահանջները, դա հարցի մյուս կողմն է:

Սոցիոլոգի խոսքով` լսարանը պահանջում է հեռուստատեսություն վերադարձնել հեքիաթը, տիկնիկային թատրոնը, ինտելեկտուալ հաղորդումները, գիտական, ուսումնական ծրագրերը:

Տիտանյանը նշում է, որ եթե նախկինում էկրանից հեքիաթ պատմելը կհետաքրքրեր երեխաներին, ապա այսօր նույն կերպ նրանց էկրանի առաջ պահել հնարավոր չէ:

«Ասում են, որ այսօր տեխնիկայի, նորամուծությունների, առաջընթացի դարում իրենք չենք ուզում հին ձեւով ու մեթոդներով ծրագրեր երեւան հեռուստատեսությունում: Այստեղ խնդիր կա, թե ովքեր են մանկական ծրագրերի հետ աշխատում եւ ինչպես են աշխատում», - ասում է Տիտանյանը:

Հոգեբան Անահիտ Արզումանյանի խոսքով` եթե մեծերի համար հեռուստատեսությունը տեղեկատվության միջոց է, ապա երեխաների համար այն նաեւ կրթող օղակ է, որի որակն ազդում է նրանց արժեքային համակարգի ձեւավորման վրա:

«Օրինակ, դեռահասների համար ինձ մի հաղորդում ասեք: Այդ շերտը վակումի մեջ է: Եթե չունեն իրենց համար նախատեսված ծրագիր, կամ կա, բայց իրենց համար այնքան էլ գրավիչ չէ, իրենք սկսում են փնտրել այլ տեղերում: Ստացվում է, որ դեռահասը չունի մի հաղորդում, որն իր համար է ու ինքը փնտրում է մեծերի համար հասցեագրված հաղորդումների շարքում, ու այն արժեքները, որ պատրաստի ձեւով ստանում է, համահունչ չէ իր տարիքային զարգացման հետ», - փաստում է հոգեբանը:

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին այլընտրանքային՝ ոչ հայկական մանկական ալիքներին էլ մոտենալ մեծ պատասխանատվությամբ, դիտել, ծանոթանալ, նոր միայն առաջարկել երեխաներին, նույնը` մուլտֆիլմերի դեպքում:

«Հենց մուտֆիլմերում ակնթարթով փոփոխվող արագ կադրերը երեխայի ուղեղի համար առաջացնում են մեծ լարվածություն», - ասում է հոգեբանը:

Մասնագետները նշում են, որ եթե մանկական ալիք ունենալը մեծ ծախսերի հետ է կապված, իրականացնելը դժվար, հատկապես, որ այնքան էլ եկամտաբեր չէ, ապա գոնե երեխաների համար նախատեսված հաղորդումներն անհրաժեշտություն են ապագա լավ քաղաքացիներ ձեւավորելու համար: Նրանց հավաստմամբ` հեռուստատեսությունը մշակութային քաղաքականություն պետք է վարի եւ ժամանակակից մեթոդներով ու ձեւաչափով երեխաների տա այնպիսի գիտելիքներ, որ ուրիշ տեղից երեխան չի կարող ստանալ եւ պետք է դա անի մասնագետների, մանկական հոգեբանների խորհրդատվության միջոցով: