Արման Մելիքյանը կասեցնում է քարոզարշավը

Նախագահի թեկնածու Արման Մելիքյան

Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական մասով կասեցնում է քարոզարշավը: Թեկնածուն այս մասին հայտարարեց երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը` եւս մեկ անգամ հաստատելով նախօրեին տարածած հաղորդագրությունը:

Մելիքյանը իմաստ չի տեսնում քարոզարշավ սկսել, քանի դեռ «ստեղծված չեն նախադրյալներ այս ընտրությունները նախորդի պես չկեղծելու համար»:

«Հասկանալով, որ եթե այս վիճակը չփոխվի, ընտրություններին մասնակցելը անիմաստ է, այսինքն դա կլինի հերթական կեղծարարության կրկնությունը, ինչին մենք հակված չենք տեղիք տալու», - հայտարարեց Մելիքյանը:

Նախքան քարոզարշավի մեկնարկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 18-ին մերժեց Մելիքյանի դիմումը, որով թեկնածուն պահանջում էր ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածներից եւ ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասին տեղեկատվություն: Այսօր էլ նա պնդեց, որ դա կարեւոր տեղեկատվություն է, քանի որ ըստ իր թիմի հաշվարկների` նախկինում անցկացված համապետական ընտրությունների ժամանակ 400-500 հազար ձայն է հավելագրվել իշխանական թեկնածուի օգտին:

Հայաստանում արդարադատության համակարգը մեռած է եւ որեւէ մեկը պաշտպանված չէ իրավական դաշտում, ասում է թեկնածուն: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե չկա արդարություն, եթե արդեն իսկ նախագահի թեկնածուն ընտրությունների ընթացքը կասկածի տակ է առնում` մտածելով, թե անհնար կլինի կանխարգելել ընտրակեղծիքները, եթե նախագահ ընտրվելու դեպքում անգամ կմերժի այսպիսի ընտրությունների արդյունքները, ի՞նչ իմաստ է տեսնում շարունակել մրցապայքարը եւ մնալ նախագահի թեկնածու, Մելիքյան պատասխանեց. - «Մենք կարող ենք հրաժարվել այս գործընթացից մինչեւ փետրվարի 8-ը, ժամը 18.00-ն: Բայց կա եւս մի տարբերակ, որ մենք չենք կասեցնի այս ընթացքը, կշարունակենք, եւ ընտրությունները անօրինական կհայտարարենք նախօրեին` անգամ այն պարագայում, երբ իմ անունը քվեաթերթիկում նշված կլինի»:

Մելիքյանը չի բացառում, որ կդադարեցնի իր մասնակցությունը ընտրություններին, սակայն միեւնույն ժամանակ ավելացնում է, որ կընտրի ամենաօպտիմալ տարբերակը, ներկա դրությամբ ընտրությունների օրինականության ապահովման վրա է կենտրոնանալու:

«Սա մարտահրավեր չէ, սա որեւէ մեկին մրոտելու փորձ չէ, մենք պետք է փոխենք այս ընթացքը, որովհետեւ ստի վրա կառուցված պետությունը ամուր հիմքեր չի կարող ունենալ», - ասաց Մելիքյանը:

Հարցին` իսկ անիմաստ է համարո՞ւմ մյուս մասնակիցների վարած քարոզարշավը, Մելիքյանը պատասխանեց. - «Խոստումներ են տալիս` չկարողանալով այդ խոստումների առաջին իսկ քայլը անել, այսինքն ընտրվել: Անիմաստ է նաեւ պարոն Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ մասնակցի քարոզարշավին, թե չմասնակցի, եթե իրավիճակը չփոխվի, նա նորից կբազմի նախագահի աթոռին»:

Մելիքյանը նաեւ տեղեկացրեց, որ չի լինի քարոզարշավ, սակայն կլինեն հանդիպումներ քաղաքացիների հետ: Օրինակ, այսօր հանդիպելու է փախստականների հետ` ոչ թե քարոզի, այլ նրանց հիմնահարցերը լուծելու նպատակով: Ընտրած կարգախոսն էլ վերաբերում է բոլորին: «Մի լռեք»` կոչ է անում Արման Մելիքյանը:

«Որովհետեւ լռությունը փախուստ է իրականությունից», - ասաց թեկնածուն: