Հայաստանում մեկնարկում է նախագահական ընտրարշավը

Այսօրվանից մեկնարկում է Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Նախագահի պաշտոնի համար մրցում են 8 թեկնածուներ (ըստ այբբենական կարգի)` «Ազատություն» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, Հայաստանի գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը եւ գործազուրկ, որպես էպոսագետ ներկայացվող Վարդան Սեդրակյանը։

Սերժ Սարգսյանի քարոզարշավը մեկնարկելու է այսօր ժամը 17-ին Մելիք-Ադամյան փողոցում` կառավարության շենքի միջնասրահում, նախընտրական երգի ներկայացմամբ։ Մեկ ժամ անց թեկնածուն հանդիպում կունենա Երեւանի Ավան վարչական շրջանի ընտրողների հետ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, քարոզարշավը կընթանա «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ներքո։

«Ամսի 22-ից նախատեսվում են մարզեր այցերը, եւ առաջին մարզը կլինի Սյունիքի մարզը, այնուհետեւ կլինի Վայոց Ձորը», - ասաց Շարմազանովը։

«Հնարավոր է»` այսպիսի կարգախոս է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այսօր ժամը 12-ին նախագահի թեկնածուի նախընտրական քարոզարշավը կսկսվի Երեւանում` Արամ Խաչատրյանի արձանի մոտից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հովհաննիսյանը, քաղաքական PR-ի տարրեր քարոզարշավում կօգտագործվեն, բայց ոչ հրավիրված մասնագետների օգնությամբ։

«Ընդամենը 100 քայլ», «Հայաստանը դարձնենք հայրենիք», «Մնայուն արժեքները ստեղծվում են հայրենիքում», «Հայաստանը միայն Երեւանը չէ»` սրանք են Հրանտ Բագրատյանի կարգախոսները։ Նա որոշել է քարոզարշավը սկսել մարզերից, մեկնարկը կլինի Վերին Արտաշատը։ «Շատ եմ սիրում էդ գյուղը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թեկնածուն։

Պարույր Հայրիկյանը մեծ կարեւորություն չի տալիս հենց այս օրվան, քանզի իր քարոզարշավով զբաղվում է վաղուց։ «Հավատը` գործերով»` այսպիսին է Հայրիկյանի քարոզարշավի հիմնական կարգախոսը։ Այսօր նա հանդիպում է ունենալու եվրոպական պատվիրակության հետ, ինչպես նաեւ, ինչպես ինքը փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մոտ 400 հոգի տարբեր վայրերում կտարածեն իրենց նոր թռուցիկները, «որ սովորական թռուցիկ չեն»։

Արման Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավի մեկնարկը տալու է հայտարարությամբ, որի ժամանակ կհնչի նաեւ նախընտրական կարգախոսը, ինչպես նաեւ պարզաբանումներ կտրվեն որոշ հարցերի։

Հունվարի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր Մելիքյանի պահանջը` ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկածների մասին տեղեկատվություն։ «Եվ մենք հիմա որոշակի վերանայումներ եւ շտկումներ ենք կատարում մեր մարտավարության մեջ. նախընտրական քարոզարշավը կսկսվի հենց այդ հայտարարությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախագահի թեկնածուն։

Արամ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ օգտվելու է անվճար եւ վճարովի եթերաժամերից։ Ընտրարշավի առաջին տասն օրերին կներկայացնի իր ծրագրային դրույթները։ Հարցին, թե որտեղի՞ց է լինելու քարոզարշավի մեկնարկը, թեկնածուն արձագանքեց` «մեր տնից», «եւ դեպի ո՞ւր» հարցին էլ հակադարձելով` «այ դա չեմ ասի»։

Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլով է սկսում իր քարոզարշավը Անդրիաս Ղուկասյանը։ Նա «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, մինչեւ կատարեն իր պահանջները, կամ էլ` «եթե միջազգային դիտորդները գան այն կարծիքի, որ անիմաստ է Հայաստանում դիտարկել ընտրությունները, քանզի ստեղծված չեն անհրաժեշտ պայմաններ անկախ ընտրություններ անցկացնելու համար»։ Ղուկասյանը ընտրություններին կմասնակցի «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով։

Վարդան Սեդրակյանը ընտրություններին կմասնակցի «Վերեւում Աստված կա» կարգախոսով։ Ի տարբերություն Անդրիաս Ղուկասյանի` օրը կսկսի ընտանիքի եւ ընկերների համար սեղան գցելով։ Այսօր նա ծրագրել է մասնակցել ասուլիսի, որից հետո էլ, ինչպես ինքը փոխանցեց, կգնա տուն եւ խորոված կանի։ «Մի հատ խորոված էլ ծրագրավորում եմ փետրվարի 19-ին [ընտրությունների հաջորդ օրը]», - ասաց նախագահի թեկնածուն։

Քարոզարշավը կշարունակվի մինչեւ փետրվարի 16-ը: