Մեկնարկեց Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատը

Your browser doesn’t support HTML5

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով առաջին դատական նիստը։

Դատավոր Մարտի Սարոյանը հրապարակեց մեղադրանքը, ըստ որի ամբաստանյալ Հարություն Սարգսյանը մեղադրվում է սպանության եւ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեջ։

Ըստ քրեական գործի նյութերի, Հարություն Սարգսյանը համակրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստերը՝ Մանյա Ղուկասյանին եւ ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն, տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է ամուսնանալ Կարեն Եսայանի հետ, 2012 թվականի ապրիլի 12-ին՝ այն օրը երբ նշանակված էր Մանյայի եւ Կարենի նշանադրությունը, սպանել է Կարեն Եսայանին՝ խափանելով նշանադրությունը։

Հարություն Սարգսյանը միջնորդեց, որ իրեն դատապաշտպանով ապահովեն։ Տուժող կողմի փաստաբանների եւ ամբաստանյալի հոր՝ Սամվել Սարգսյանի միջեւ այս հարցի շուրջ վիճաբանություն ծագեց։ Այս լարված մթնոլորտում էլ դատական նիստը հետաձգվեց, քանի որ Հարություն Սարգսյանը փաստաբան չուներ։

Հարություն Սարգսյանի հոր՝ Սամվել Սարգսյանի նկատմամբ եւս քրեական գործ է հարուցվել նախաքննության ընթացքը խոչընդոտելու մեղադրանքով։