Փորձագետներ․ «Նախագահի վերընտրվելը գործնականում ապահովված է»

Հայաստան -- Խորհրդարանական ընտրությունները Երեւանում, արխիվ, 6-ը մայիսի, 2012թ․

Հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ կապակցությամբ ասաց. - «Մրցակցային է այնքանով, որ իրականում ամբողջ լրատվական դաշտը բաց է թեկնածուների համար, եւ նրանք ազատ հնարավորություն ունեն արտահայտելու իրենց մտքերը։ Մրցակցային չէ այն պատճառով, որովհետեւ նույն ընտրահանձնաժողովներն են, Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, նույն էլի ադմինիստրատիվ ռեսուրսներն են, նույն ընտրակաշառքն է, այսինքն` ինչ որ գիտենք»։

Երկուշաբթի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուներ գրանցեց Հայաստանի գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանին, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին, էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանին, քաղաքագետ, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանին եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանին:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Նույն ընդդիմադիր դաշտից շատ-շատերը քաղաքական քայլ չարեցին, իմ կարծիքով։ Քաղաքական քայլ, իմ կարծիքով, կլիներ նա, որ հայտարարեին, որ բոյկոտում են։ Բայց ոչ մեկ չի բոյկոտել` գոնե այդպիսի հայտարարություն չի եղել»։

Ի պատասխան հիշեցման` «Հայ ազգային կոնգրեսից բացի», քաղտեխնոլոգը նշեց. - «Հայ ազգային կոնգրեսը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ասում, որ ինքը բոյկոտում է, ինքը ընդամենը ասում է, որ 68 տարեկան է` դրա համար չի մասնակցում, հաջորդ օրը Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ բոյկոտում են, դրա հաջորդ օրը Հրանտ Բագրատյանը մասնակցում է։ Հիմա ես ո՞նց հասկանամ Հայ ազգային կոնգրեսը ինչ է անում` մե՞ծ է, բոյկոտո՞ւմ է, թե՞ մասնակցում է»։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչ ընթացք կունենան ընտրությունները եւ հետընտրական ի՞նչ զարգացումներ են սպասվում, Առաքել Սեմիրջյանը պատասխանեց. - «Հիմիկվա դրությամբ, ես տեսնում եմ, որ ընտրությունները կանցնեն իշխանությունների գծած սցենարով, այսինքն` ինչքան ձայն, քանի տոկոս ուզի իշխանությունը` այնքան էլ կգրի` ե՛ւ իրեն, ե՛ւ ընդդիմությանը։ Եվ այստեղ ես չեմ տեսնում այն ռեսուրսը` ընդդիմության մոտ, որոնք որ հնարավորություն ունեն որեւէ կերպ ազդելու իշխանությունների գրած տոկոսների վրա»։

Կարեն Քոչարյանը նույն հարցին արձագանքեց. - «Ընտրությունները կընթանան շատ նորմալ արդեն այս պայմաններում, Սերժ Սարգսյանը ամսի [փետրվարի] 18-ին, ես կարծում եմ, դա արդեն կլինի ոչ թե ընտրություն, այլ` ինաուգուրացիան այդ օրը, իսկ հետընտրական` այ, հետընտրականը ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ զարգացումներ կլինեն, որովհետեւ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները, ես կարծում եմ, դեռ նախընտրական կամպանիան էլ կերեւա` նույն Հանրապետական կուսակցությունից կամ իշխող թեւից կամպանիայում ով ավելի ակտիվ կլինի, ինչպիսին կլինի հետագա բանը, ով պետք է նույն, ասենք, քաղաքակա՞ն թեւը կհաղթի, թե՞, այնուամենայնիվ, կմնա օլիգարխիկ թեւը»։