«Աշխատանքային խումբը թաքուն պահելու որեւէ խնդիր չկար»

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյան

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային եւ տեղական դիտորդական կազմակերպությունների առաջարկներն ուսումնասիրելու նպատակով հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը գաղտնի չի պահվել եւ խմբի աշխատանքները որեւէ մեկից չեն թաքցվել:

Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը` հակադարձելով վերջին օրերին լայնորեն տարածված այն մեկնաբանություններին, որ հանրապետության նախագահի դեռեւս օգոստոսի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի մասին պաշտոնապես հայտնի է դառնում միայն հիմա, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը ժամանել է Հայաստան առաջիկա նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով եւ հանդիպումներ է անցկացնում բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հունվարի 10-ի հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ էր հիշատակված հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին: Հետո անցած ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը Թալիավինին խոսեց այդ մասին: Սա տարակուսանք է առաջացրել ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի շրջանում, որոնք հայտարարում են, որ այդ խմբի մասին տեղեկություն երբեւէ չեն ունեցել:

«Վերջին շրջանում, չգիտես ինչու, տեսակետներ հնչեցին, որ ստեղծվել է խումբ, տեղյակ չեն եղել, եւ այլն…. Գոնե ես մի քանի անգամ այս ընթացքում հանդիպումներ ունեցել եմ, օրինակ, հոկտեմբերին մենք ունեցել ենք մեծ քննարկում հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներկայացրել էին իրենց տեսակետները, կարծիքները: Դրանք եղել են բաց քննարկումներ, եւ համենայնդեպս գոնե ես, եթե ոչ ամբողջական ծավալով, բայց, այնուամենայնիվ, ակնարկել եմ, ասել եմ, որ կա աշխատանքային խումբ, որն աշխատում է: Խումբը թաքցնելու որեւէ միտում, իհարկե չի եղել: Եվ այստեղ անհասկանալի է, թե ինչու պետք է դառնար այդ խմբի գործունեությունը գաղտնի, թաքուն պահելու առարկա: Նման խնդիր ընդհանրապես չկար», - այսօր հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեղեկատվության համաձայն, աշխատանքային խմբի ձեւավորման մասին կարգադրությամբ նախագահը հանդես է եկել օգոստոսի 23-ին: Խումբը գլխավորում է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Խմբի կազմում ընդգրկված են տասը պաշտոնյաներ, այդ թվում` Տիգրան Մուկուչյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, միջազգային եւ տեղական կազմակերպությունների զեկույցներում ներկայացված մի շարք առաջարկությունների հիման վրա խումբը նախապատրաստել է Ընտրական օրենսգրքում եւ այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ լրացումների նախագծերի փաթեթ, որը ներկայացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարի հոկտեմբերի 30-ի պատասխան գրությամբ, Հայաստանի իշխանություններին առաջարկվել է մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները ձեռնպահ մնալ «ընտրական օրենսդրության մեջ լայնածավալ փոփոխությունների կատարումից»: Արդյունքում որոշվել է քաղաքական ուժերի եւ այլ շահագրգիռ լայն շրջանակների հետ փաթեթը քննարկել արդեն առաջիկա նախագահական ընտրություններից հետո:

«Ընդհանրապես միջազգայնորեն ընդունված մոտեցումն այն է, որ ընտրություններից կարճ ժամանակ առաջ չի կարելի Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ, որովհետեւ դա բերում է նրան, որ գործընթացի մասնակիցները ամբողջ ծավալով տեղյակ չեն լինում այդ փոփոխություններին, իսկ դա առաջացնում է բարդություններ», - ասաց Մուկուչյանը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ձեռնարկած միջոցառումների մասին աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների ներկայացուցիչների կողմից պարբերաբար տեղեկատվություն տրամադրվել է հասարակության լայն շրջանակներին ու միջազգային կառույցներին: Իսկ ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե ինչո՞ւ նախագահի կարգադրությունը պաշտոնապես չի հրապարակվել, նախագահի աշխատակազմը պատասխանում է, որ Սերժ Սարգսյանի այս կարգադրությունը անհատական իրավական ակտ է, որը իրավական ակտերի մասին օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր պաշտոնական հրապարակման, այդուհանդերձ, այն տեղադրվել է «Իրտեկ»իրավական ակտերի տեղեկատվական համակարգում:

«Հանրապետությունում գոնե ինձ ծանոթ իրավաբանների մեծ մասը, գոնե 90 տոկոսը օգտվում է «Իրտեկ» համակարգից, կարծում եմ, միշտ էլ թարմացվում է «Իրտեկ» համակարգը, եւ նման որեւէ խնդիր չկա», - հայտարարեց ԿԸՀ-ի նախագահը:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համար այնքան էլ համոզիչ չեն այս պնդումները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում տարակուսած էր, որ ինքը, լինելով խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը, երբեւէ տեղեկություն չի ունեցել աշխատանքային խմբի գործունեության մասին: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ համոզմունք հայտնեց, որ տեղեկությունները հանրությունից դիտավորյալ են թաքցվել:

«Սա կատարյալ խաբեություն է, որի նպատակն այն է, որ մի կողմից որեւէ փոփոխություն չմտցնեն ընտրական համակարգի մեջ եւ շարունակեն կեղծել ընտրությունները նույնքան արդյունավետ, ինչքան կեղծել են տարիներ շարունակ, եւ մյուս կողմից` միջազգային հանրությանը ներկայացնեն, որ իբր ինչ-որ բարելավումներ կատարվում են: Ավելին, երբ մենք հենց այդ կազմակերպությունների հանձնարարականների ոգով օրենսդրական փաթեթ էինք պատրաստել եւ ստացել էինք չորս խմբակցությունների աջակցությունը, Հանրապետական կուսակցությունը փոխանակ օգտագործեր այդ առիթը` նաեւ ներկայացնելու համար այդ աշխատանքային խմբի կատարած աշխատանքը, ոչ միայն նման բան չարեց, այլեւ, ըստ էության, մերժեց որեւէ քննարկում այս ուղղությամբ», - ասաց Զուրաբյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայն չէր, որ խմբի գործունեությունը միտումնավոր է թաքցվել, բայց համոզված էր, որ «ուղղակի հերթական փորձն էր եղել միջազգային գործընկերներին ցույց տալու, որ իբր թե քայլեր են արվել այդ ուղղությամբ, փորձում են համապատասխան աշխատանք իրականացնել եւ այլն»:

«Այդքան բան, հերթական իմիտացիան: Թե չէ թաքցնելու հարց չկա, դա այն խնդիրը չէ, որ թաքցնելու անհրաժեշտություն լիներ», - հավելեց Մարտիրոսյանը: