Ամերիկյան զորքերն արագացնում են պարտականությունների փոխանցումը աֆղանստանցիներին

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան զորքերը արագացնում են անվտանգության ապահովման պարտականությունների փոխանցումը Աֆղանստանի զինված ուժերին։

Օբաման նման հայտարարություն է արել ուրբաթ օրը Վաշինգտոնում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպումից հետո։

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ ամերիկյան զորքերը 2013-ի գարնանից կսահմանափակվեն աֆղանական ուժերին միայն աջակցություն ցույց տալով, ինչը փաստորեն նախկինում հայտարարված ժամկետներից մի քանի ամսով ավելի վաղ տեղի կունենա։

Մինչեւ 2014-ի ավարտը նախատեսվում է Աֆղանստանից դուրս բերել բոլոր միջազգային խաղաղապահ ուժերին։

Օբաման նաեւ հայտարարել է, որ աֆղանական պատերազմը հասել է իր նպատակին՝ կազմալուծել «Ալ-Ղաիդայի» ահաբեկիչների շարժումը, եւ կարծիք հայտնել, որ Աֆղանստանում այժմ նպաստավոր պայմաններ են ստեղծվել խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու համար։