Կառավարությունը սահմանել է պետական նպաստների չափերը

Չնայած սպասվող գնաճին՝ նպաստների եւ միանվագ դրամական օգնության չափերի ինդեքսավորում չի նախատեսվում։
Կառավարությունն այսօր հավանություն տվեց 2013 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու մասին որոշման նախագծին։

Կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը՝ հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի եւ միանվագ օգնության համար հատկացված միջոցները։

Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30.00-ն, ընտանեկան նպաստի բազային մասը` 16 հազար դրամ։ Հաստատվել են 30.01-35.00, 35.01-39.00, 39.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին տրվող հավելումները։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվել 50 հազար դրամը, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաեւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամը, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ 18 հազար դրամը։

Զոհված Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափ է սահմանվել 250 հազար դրամը, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազար դրամը, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազար դրամ։

Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչու ինդեքսացիա չարվեց այն պարագայում, որ ըստ կանխատեսումների, գնաճը լինելու է շուրջ 4 տոկոս, եւ որ բազային նպաստի չափը 16 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի չափը ավելի քան 30 հազար, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց․ - «Չեմ կարծում, որ նպաստների չափերի բարձրացումը խնդրի ամբողջական լուծումը պիտի ապահովեր եւ մենք չունենք այսօր ինդեքսավորման մասին օրենք, որով պարտադրված լինեինք ինդեքսավորելու։ Պետական բյուջեի նախագիծը քննարկելու ժամանակ այդ բոլոր խնդիրները քննարկվել են եւ սահմանվել են չափերը «Պետական բյուջեի մասին» օրենքով»։