Երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով

Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման եւ անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ:

Ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երեկ ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Նուռնուս - Ծովագյուղ, Գյումրի - Անի, Գյումրի - Ղալթախչի, Մայիսյան - Ջաջուռ հատվածներում: Ձնամաքրման աշխատանքներ կատարել են մոտ 200 երկաթուղային եւ 3 ձնամաքրող մեքենաներ:

Այսօր ձնամաքրման աշխատանքները շարունակվում են, մասնավորապես, Գյումրիում եւ Սեւանում:

Հաշվի առնելով, որ մի շարք ավտոմայրուղիներ փակ են, ուղեւորա- եւ բեռնափոխադրումների զգալի մասը տեղափոխվել է երկաթուղի: Մասնավորապես, էլեկտրագնացքների լրացուցիչ չվերթներ են նշանակվում բոլոր ուղեւորներին տեղափոխելու նպատակով:

«Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում են ինչպես Երեւան - Թբիլիսի - Երեւան միջազգային ուղեւորատար գնացքը, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները: