Աֆղանստանում ազատ են արձակվել Թալիբանի տասնյակ մարտիկներ

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ ազատ են արձակել 80 կալանավորների, որոնք ձերբակալվել էին Թալիբանի, ինչպես նաեւ այլ զինված խմբավորումների դեմ իրականացված գործողությունների արդյունքում:

Երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալուդդին Դեհաթին «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության թղթակցին ասել է, որ ձերբակալվածներն ազատ են արձակվել ուրբաթ օրը «Բահրամ» զինվորական կալանավայրից, ինչպես նաեւ այլ բանտերից:

Կալանավորների ազատ արձակումը հնարավոր է դարձել բողոքների հարցով հատուկ հանձնաժողովի շնորհիվ: Իշխանությունները հուսով են, որ դա կնպաստի հաշտեցմանն ու խաղաղությանն ուղղված ջանքերին:

Դեհաթին ասել է նաեւ, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն 1200 կալանավորներ:

Պաշտոնական տվյալներով, միայն «Բահրամ» կալանավայրում այսօր պահվում են շուրջ 3 հազար Թալիբանի նախկին մարտիկներ եւ կասկածյալ ահաբեկիչներ: