«Ազատ դեմոկրատներ»-ը թեկնածու չի առաջադրի

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան (աջից) եւ ղեկավար անդամ Ալեքսանդր Արզումանյան, արխիվ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակը, հայտարարում է, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, «քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել»:

Այս պարագայում, ինչպես ասված է կուսակցության այսօրվա հայտարարությունում, «Ազատ դեմոկրատներ»-ի մասնակցությունը «զուտ սեփական գաղափարներն ու մոտեցումները ներկայացնելու համար այդքան էլ գերադասելի տարբերակ չէ»:

«Մենք, լրջորեն կարեւորելով ընտրական գործընթացները, միեւնույն ժամանակ գտնում ենք, որ ընտրությունները միակ միջոցը չեն մեր գաղափարները հասարակությանն հասցնելու համար: Համոզված ենք, որ քաղաքական ուժի գործունեության մեջ առավել կարեւոր է վերջինիս հետեւողական, երկարաժամկետ ու նպատակային գործունեությունը: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ հանուն ազատականության եւ ժողովրդավարության հաստատման», - հայտարարում է «Ազատ դեմոկրատներ»-ի վարչությունը` հայտնելով, որ առաջիկայում դիտարկելու է բոլոր ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը եւ ըստ այդմ ներկայացնելու է կուսակցության մոտեցումներն ու գնահատականները։