Դատարանը պահանջել է ավտոմեքենաների մաքսազերծման գործերը


Պետեկամուտների կոմիտեն, ըստ վարչական դատարանի այսօրվա որոշման, պարտավոր է 314 ավտոմեքենաների մաքսազերծման վարույթներից առանձնացնել 3 գործ եւ ներկայացնել դատարան:

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ավտոմեքենաները մաքսազերծվել են առավել ցածր մաքսատուրք պահանջող տարբերակով եւ որոնց դեպքում սեփականատերերը մեքենաները Հայաստանի սահման են հասցրել անձամբ:

Դատավոր Արծրուն Միրզոյանն այս որոշումը կայացրեց՝ քննարկելով հայց ներկայացրած Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Սերգեյ Գրիգորյանի փաստաբան Վահե Գրիգորյանի միջնորդությունը:

Վահե Գրիգորյանը, սակայն, միջնորդել էր, որպեսզի դատարանը Պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի տրամադրել ոչ թե 3, այլ 314 գործերը, որոնց դեպքում մաքսայինը կիրառել է, այսպես ասած` գործարքի գնի մեթոդը եւ մեքենաները մաքսազերծել ավելի էժան գնով:

Ավելի վաղ՝ մայիսին մեքենա գնած հայցվորը, իր մեքենան օրենքով՝ ցածր գնով մաքսազերծելու պահանջին ի պատասխան մերժում ստանալուց հետո դիմել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությանը եւ վարչարարության հարցում հավասակություն կիրառելու սկզբունքից ելնելով՝ պահանջել, որպեսզի տրամադրվեն այդ 314 գործերը, որպեսզի հայցվորի համար ի վերջո պարզ դառնա, թե ինչ հիմնավորմամբ է 314 դեպքերում մաքսայինը նախընտրել ավտոմեքենաները մաքսազերծել էժան գնով եւ ովքեր են այդ արտոնյալները: Պահանջը մերժվել է:

Մաքսային ծառայության կոմիտեի իրավաբանական վարչության ավագ տեսուչ Սամվել Օհանյանը պատասխանեց. - «Մաքսային մարմնում որեւէ նման առանձնացում 314 դեպքի հետ կապված չի կարող լինել, թե դրանցից որի սեփականատերերն են իրենց մեքենաներն անձամբ վարելով հասցրել սահման»:

Մաքսազերծման գործարքի գնի մեթոդը համարվում է առաջնային, բայց դատարան ներկայացված պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2010 թվականի հունվարից մինչեւ 2012 թվականի օգոստոսը մաքսային ծառայությունը 55 հազար 747 ավտոմեքենաներից միայն 314-ի մաքսային արժեքն է հաշվարկել գործարքի գնի մեթոդով, մնացած դեպքում կիրառվել է «հսկիչ գների մեթոդը»:

Կոնկրետ այս օրինակի դեպքում մաքսավորները հարկ են համարել մեքենան մաքսազերծել 2000 դոլարով ավելի թանկ արժեք ունեցող տարբերակով: Հայցվոր կողմը պնդում է, որ հազարավոր դոլարների տարբերություն ենթադրող մեթոդը կիրառվում է միայն «արտոնյալների» համար:

Հայցվոր Սերգեյ Գրիգորյանը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի եւ Ֆինանսների նախարարության դեմ ներկայացրած հայցով պահանջում է անվավեր ճանաչել Պետական եկամուտների կոմիտեի հուլիսի 25-ի որոշումը: Այդ որոշմամբ մերժվել է Ճապոնիայում գնած տասը հազար դոլարանոց MERCEDES-BENZ ավտոմեքենան «գործարքի գնի» մեթոդով մաքսազերծելը: Միեւնույն ժամանակ հայցվորը պահանջում է Ֆինանսների նախարարությունից ի օգուտ իրեն բռնագանձել պետական տուրքի գումարը, ինչպես նաեւ սկսած հուլիսի 26-ից մինչեւ այս գործով օրինական վճռի ի կատար ածումը մաքսային մարմիններում համապատասխան տարածք զբաղեցնելու համար օրական պահանջվող 1300 դրամ գումարը:

Հայցադիմումի մեջ նշված են ավտոմեքենայի ձեռքբերման դիմաց բանկային փոխանցման ծախսերը, մեքենան ձեռք բերելու վայրից մինչեւ Ճապոնիայի Նագոյա նավահանգիստ, իսկ այնտեղից մինչեւ Բաթումի տեղափոխելու ծախսերը հիմնավորող փաստաթղթերը: Հայցվորը Բաթումիից Հայաստանի սահման մեքենան տեղափոխել է անձամբ, ինքն է վարել, դրա համար ծախսել է միայն վառելիքի գումար, կտրոնը նույնպես կա գործում:

Այս իրավիճակում մաքսայինի որոշումը ավելի թանկ գնով մեքենան մաքսազերծելու վերաբերյալ, ըստ հայցվորի, անհիմն է: Դատարան հայց ներկայացրած Սերգեյ Գրիգորյանի փաստաբան Վահե Գրիգորյանը մաքսային ծառայության կոմիտեի իրավաբանական վարչության ավագ տեսուչ Սամվել Օհանյանին դատարանում հարց ուղղեց, թե ի վերջո ի՞նչ փաստաթուղթ է պետք մաքսայինին, որ կիրառվի մաքսազերծման համար առավել ցածր գին պահանջող տարբերակը. - «Եթե բնության մեջ հնարավոր է վկայակոչել մի այնպիսի փաստաթուղթ, որը վկայում է այնպիսի ծախսի մասին, որը գոյություն չունի, խնդրում ենք այդ գործի մեջ ցույց տվեք այդ արձանագրությունը»:

Այս գործով նախնական հաջորդ նիստը նշանակված է 2013 թվականի փետրվարի 12-ին: Հայցվորի մեքենան կմնա մաքսակետի պահեստում՝ մինչեւ դատարանի որոշումը, որը նախադեպ կարող է դառնալ տասնյակ հազարավոր քաղաքացիների համար: