Կառավարությունը կանդրադառնա բազմազավակ ընտանիքներին

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագիրը եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

Փաստաթուղթը բխում է ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունից, որը կառավարությունը առաջին անգամ հաստատել է 2009 թվականին: Այնուհետեւ յուրաքանչյուր տարի հաստատվում է միջոցառումների ծրագիր:

«Խնդիրները վերաբերում են եւ ծնելիության խրախուսմանը, եւ տարածքային զարգացմանը եւ մնացած ոլորտներին, որոնք եւս առնչություն ունեն: Յուրաքանչյուր տարի բոլոր շահագրգիռ մարմինների հետ միասին ձեւավորվում է այդ միջոցառումների ծրագիրը: Առաջիկա տարվա համար իրականացվող ծրագրերի շրջանակում նաեւ ընգրկված են միջոցառումներ, որոնք թույլ կտան անդրադառնալ բազմազավակ ընտանիքների խնդիրներին, հատկապես սահմանամերձ եւ բարձր լեռնային շրջանների բնակչության խնդիրներին», - ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Փաստաթղթում նշված է, որ ծրագրի նպատակն է իրականացվող միջոցառումների շնորհիվ կանխել ժողովրդագրական բացասական միտումները եւ կայունացնել իրավիճակը:

«Արդյունքների եւ չափելի ցուցանիշների առումով նախարարության կողմից մշակվել է մոնիտորինգային ծրագիր, որի մեջ շատ կարեւոր է այսօր դրանց որակական ցուցանիշները», - ասաց նախարարը` արձագանքելով այն հարցին, թե որքանո՞վ է հնարվոր իրագործել փաստաթղթում արձանագրված կետերը:

Հայաստանի ժողովրդագրական ներկա իրավիճակի վերաբերյալ փաստաթղթում կարդում ենք. - «Մշտական բնակչության ցուցանիշը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 3274.3 հազար մարդ, որից շուրջ 2096.0 հազարը` քաղաքային եւ 1178.3 հազարը` գյուղական: 2011թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության ցուցանիշը 2011 թվականի տարեսկզբի նկատմամբ աճել է 11.7 հազար մարդով, ինչը պայմանավորված է բնական հավելաճով: 2012 թվականի հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը կազմել է 19183 մարդ, ինչը 2011 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 812 ծնունդով կամ 4.1 տոկոսով»:

Հաշվի առնելով 2011 թվականին, ինչպես նաեւ 2012 թվականի հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդագրական զարգացումների միտումները, ինչպես նաեւ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, դրանց իրականացման կոնկրետ առաջադրանքներն ու միջոցները, կառավարությունը սահմանել է ծրագրի հիմնական խնդիրները: Դրանք են` ծնունդների աճի ապահովումը, երեխայի, հատկապես երրորդ եւ հաջորդ, ծննդյան, նյութական խրախուսման, մանկամահացության եւ մայրամահացության ցուցանիշի բարելավումը՝ մանկամահացության եւ մայրամահացության դեպքերի նվազեցման միջոցով, վաղաժամ մահացությունների թվաքանակի նվազեցումը, երիտասարդ ընտանիքների ձեւավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավումը, ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործումը, միգրացիոն գործընթացների կարգավորումը եւ բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության մեղմումը:

Ժողովրդագետ, «Հայկական սոցիալ-ժողովրդագրական նախագիծ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Եգանյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են արդյունավետ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված կառավարության ծրագրերը:

«Լավ է, որ ինչ-որ բան անում են, բայց ոչ հասցեականության, ոչ էլ արդյունավետության առումով դրանք, դժբախտաբար, նշանակալից համարվել չեն կարող: Էական փոփոխություններ դրանք չեն բերում, մասնավորապես, ծնելության առումով: Այսինքն այն, ինչ կանխատեսվում էր, այսօր, ըստ էության, մենք արդեն տեսնում ենք: Դա ծնելության մակարադակի հերթական նվազումն է, որը շարունակվելու է, համենայնդեպս, բացարձակ թվերով միանշանակ, կարծում եմ, նաեւ հարաբերական մեծություններով կլինի», - ասաց Եգանյանը: