Զինդատախազը չի համարում, որ մեղադրող կողմը «Մատաղիսի գործով» սխալվել է

Զինդատախազ Գեւորգ Կոստանյան

Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը չի համարում, որ զինդատախազությունը «Մատաղիսի գործով» սխալվել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զինդատախազը համոզմունք հայտնեց, որ առնվազն «պրոֆեսիոնալ տեսակետից սխալի մասին խոսելը ճիշտ չէ»:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, այս գործը 4.5 տարի քննելուց հետո, նախօրեին արդարացրեց զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին` կատարված հանցագործությունում նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

«Մի փաստի վրա կցանկանայի ուշադրություն դարձնել, որ արդարացրեց ոչ թե հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, այլ ապացույցների անբավարարության: Այսինքն կան ապացույցներ, մեղադրանքի կողմը դա համարել է բավարար, իսկ դատարանը դա բավարար չի համարել: Մենք չենք խոսում այդ անձանց կողմից որեւէ արարք կատարելու կամ չկատարելու մասին: Mենք խոսում ենք, որ նախաքննության մարմինը չկարողացավ պատշաճ բավարար ապացույցներ ներկայացնել տվյալ հանցանքի մեջ նրանց մեղքը ապացուցված համարելու առումով», - ասաց զինդատախազը:

«Չեմ համարում, որ մեղադրանքի կողմը սխալվել է. երբեք չի կարելի համարել ինչ-որ սխալ այն դեպքում, երբ մեղադրանքի կողմը պնդում է այլ բան, դատարանն այլ մոտեցման է հանգում: Որեւէ մեկը չի կարող ասել, որ շատ ավելի օրինաչափ կլիներ, եթե մեղադրանքի կողմի եւ դատարանի որոշումները միշտ համընկնեին: Եթե մեղադրանքի կողմը ապացույցների համակցությունը բավարար է համարում մեղադրանքը հիմնավորված համարելու տեսակետից, իսկ դատարանը բավարար չի համարում անձանց մեղավորությունը հաստատված լինելու առումով, դա շատ օրինաչափ է. սխալի մասին այստեղ ճիշտ չի խոսելը», - հավելեց Կոստանյանը:

Հարցին, թե շարունակո՞ւմ է պաշտպանել մեղադրանքը նույնիսկ արդարացման դատավճռից հետո, զինդատախազը պատասխանեց, որ այս պահի դրությամբ «բնականաբար, պնդում է», բայց դատավճիռը ստանալուց եւ ապացույցների վերաբերյալ դատարանի գնահատականներին ծանոթանալուց հետո ավելի հստակ դիրքորոշում կհայտնի: Կոստանյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռին ծանոթանալուց հետո կորոշեն վերադաս ատյաններում այն բողոքարկեն, թե` ոչ:

«Արդարացման դատավճռի առկայությամբ հարցը չփակվեց: Եթե արդարացման դատավճռի արդյունքում [երբ դա մտնի օրինական ուժի մեջ] մենք նորից ձեռնամուխ լինենք նախաքննության իրականացմանը: Չի բացառվում, որ որեւէ այլ նոր ապացույցներ ձեռքբերելու արդյունքում այս նույն ամբաստանյալները կրկին հայտնվեն ամբաստանյալի աթոռին: Որովհետեւ Քրեական դատավարության օրենսդրությունը հնարավոր է համարում նոր երեւան եկած հանգամանքների ուժով գործի վերսկսումը, վերանայումը: Այս իմաստով, ես չեմ կարծում, որ թեման փակված է», - հայտարարեց ԳեւորգԿոստանյանը:

«Ապացույցների անբավարարությունը արդարացման ամենահամոզիչ հիմքն է»

Արդարացված երիտասարդների փաստաբան Հայկ Ալումյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձելով արդարացման հիմքերի վերաբերյալ զինդատախազի պնդումներին, հայտարարեց, որ փորձ է արվում «բառախաղերով» հասարակությանը մոլորեցնել: Ըստ Ալումյանի` ապացույցների անբավարարության հիմքը արդարացման ամենահամոզիչ հիմքն է, քանի որ տվյալ դեպքում, փաստաբանի պնդմամբ, երիտասարդները հանցագործությանը որեւէ առնչություն չեն ունեցել, առնչվող գործողություններ չեն արել, որ արդարացվեին «արարքում հանցակազմի բացակայության հիմքով»:

«Ամենաակնհայտ արդարացման հիմքն այն է, երբ ասում են` ապացուցված չէ այս անձի առնչությունը այս հանցագործությանը: Այսինքն կարելի է այսպես ասել. իմ առնչությունն էլ այդ հանցագործությանն ապացուցված չէ, ձերն էլ ապացուցված չէ, Կոստանյանի առնչությունն էլ ապացուցված չի, նույնչափ ապացուցված չէ նաեւ այդ երեքի առնչությունն այդ հանցագործությանը: Եթե պարոն Կոստանյանը մտադրված է ինչ-որ ապացույցներ հավաքել, որպեսզի ապացուցի այս անձանց առնչությունը, իր գնացքը վաղուց գնացել է: Զինդատախազությանը երկու անգամ հնարավորություն է տրվել իրականացնելու նախաքննություն, եւ ինքը հսկայական ժամանակ է ունեցել ապացույցներ հավաքելու: Եթե այդ բոլոր հնարավորություններով հանդերձ չեն գտնվել ապացույցներ, որ այս տղաները կապ ունեն, եւ դատարանն ասում է` չի ապացուցված նրանց առնչությունն այս հանցագործությանը, դա ամենահամոզիչ հիմքն է արդարացման», - ասաց Ալումյանը:

Այս գործով մեղադրող կողմի հիմնական փաստարկը, ինչպես հայտնի է մշտապես եղել է նախկին ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը: Սարգսյանն ու պաշտպանական կողմը մշտապես բարձրաձայնել են, որ ցուցմունքը նրանից կորզվել է դաժան, անմարդկային խոշտանգումների միջոցով։ Իսկ մեղադրող կողմը մշտապես հերքել է: Երիտասարդների անազատության տարիներին զինդատախազի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը երեկ եւս լրատվամիջոցներով բացառեց «խոշտանգումների արդյունքում ցուցմունքների կորզումը»` հայտարարելով, որ «խոշտանգելու որեւէ խնդիր չի եղել, որովհետեւ մեղադրյալն իր կամքով տեսախցիկի առաջ մի քանի ժամ տեւած հարցաքննության է մասնակցել» եւ այդ բոլոր տեսագրությունները կան:

«Այդ տեսագրության մեջ կա նաեւ Ռազմիկի ուռած դեմքը», - հակադարձեց փաստաբանը. - «Ուրեմն թող ինքն այդ ձայնագրություններից չխոսի, որովհետեւ այդ ձայնագրությունը լինելու է իր դեմ առաջին ապացույցը, երբ որ իրեն այս գործի հետ կապված քրեական պատասխանատվության ենթարկելու լինեն»:

Փաստաբանը հիշեցրեց, որ այս գործով մինչ Ռազմիկ Սարգսյանը, մի բոլորովին այլ երիտասարդ էլ է մեղքն իր վրա վերցրած եղել, որին կալանավորել են, հետո ազատ են արձակել, ինչին էլ հաջորդել է Սարգսյանի խոստովանությունը: Նույն սպանությունը, ըստ փաստաբանի, երկու ինքնախոստովանական ցուցմունքներում նկարագրված է բոլորովին այլ կերպ:

«Երկու խոստովանական ցուցմունք ունենք, որոնք իրար բացառում են. կամ նրանք են արել այն պարագաներում, կամ սրանք են արել այս պարագաներում, կամ բոլորովին ուրիշ մարդ է արել ուրիշ պարագաներում: Դրանցից առնվազն մեկը սուտ է խոսում, չէ՞: Այսինքն սուտ խոսելով իր վրա սպանություն է վերցնում, չէ՞: Ուրեմն դուք պատկերացնում եք` ինչ մեթոդներ պետք է կիրառվեն մարդու վրա, որ մարդը երկու հոգու սպանություն իր վրա վերցնի, որի հետ ինքը կապ չունի, հասկանո՞ւմ եք: Ես չեմ կարող երեւակայել», - ասաց Ալումյանը:

Փաստաբանը հավելեց, որ վեսկսվելիք նախաքննության ընթացքում քննչական մարմինը պարտավոր է վեր հանել այս բոլոր հանգամանքներն եւ պատասխանատվության ենթարկել մարդասպաններին ու բոլոր մեղավորներին: