Փորձագետ. «Սա առաջին գործնական քայլն է»

Վիզաների դյուրացման համաձայնագրի ստորագրման արարողությունը Բրյուսելում: 17-ը դոկտեմբերի, 2012

Երեկ Բրյուսելում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց վիզաների դյուրացման համաձայնագիրը, որը ենթադրաբար բարելավելու է համագործակցությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ:

«Եթե առաջ միայն ծրագրեր ու հայտարարություններ էին, ապա սա առաջին գործնական քայլ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոն վարիչ Վիգեն Քոչարյանը՝ շտապելով ավելացնել, որ դրա նշանակությունը, այուամենայնիվ, պետք չէ գերագնահատել. - «Քանի որ խոսքը ոչ թե ընդհանրապես մուտքի, ելքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացման, այլ ընդամենը մի քանի կատեգորիաների, անձանց [մասին է]»:

Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգերը հատուկ խմբերի համար են: Այստեղ մտնում են ուսանողներ, արվեստի, սպորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ճանապարհորդներ, ինչպես նաեւ առողջական նկատառումներով ճանապարհորդող, սփյուռքահայ կազմակերպությունների կողմից հրավեր ստացած անձինք: Ավելի մատչելի է դառնում մուտքի արտոնագրեր ստանալը: Օրինակ, ներկայիս 60 եվրոյի փոխարեն մարդիկ կվճարեն արդեն 35 եվրո:

Համաձայնագիրը ենթադրում է նաեւ որոշակի պարտավորություններ, մասնավորապես` ռեադմիսիան (հետընդունումը)` Եվրամիության տարածքում անօրինական բնակվող ՀՀ քաղաքացիների ետ ընդունման գործընթացը:

Ավելի վաղ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, թե այսօր որեւիցե մարմնի հայտնի չէ, թե ինչքան մարդ է ապօրինի ապրում արտերկրում: Սակայն, ըստ նրա` 90-ական թվականներից սկսած միգրացիոն հոսքերի 8-9 տոկոսն ուղղված է եղել Եվրամիության երկրներ:

Անդրադառնալով ռեադմիսիային` Վիգեն Քոչարյանը նշեց, որ այդպիսով Եվրամիությունը փորձում է պայքարել ապօրինի միգրացիայի դեմ, եւ, ցավոք, մեր համաքաղաքացիները դրա որոշ տոկոսն են կազմում:

«Եվրամիությունը շահագրգռված է, որ դրանց ետ վերադառնալու հետ կապված խնդիրները միջազգային պայմանագրի մակարդակով կարգավորված լինի ընդունող կողմի հետ, տվյալ դեպքում` Հայաստանի Հանրապետության հետ: Ռեադմիսիայի գործընթացը փաստացի տարիներ շարունակ ընթանում էր: Դրական է այն, որ այժմ այդ գործընթացը ավելի կանոնակարգված կլինի», - հավելեց փորձագետը:

Հավելենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ` Եվրամիության երկրների քաղաքացիները հաջորդ տարվա հունվարից կկարողանան Հայաստան մտնել առանց վիզայի:

Ավելի վաղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ասել էր, որ այս պայմանագրի հաջող իրականացումը անհրաժեշտ առաջին քայլը կլինի, որը Հայաստանին կտանի դեպի մուտքի արտոնագրի ազատականացման գործընթաց:

Վիգեն Քոչարյանը նույնպես իրատեսական է համարում դա` եթե, իհարկե, Հայաստանում ստեղծվի համապատասխան իրավիճակ. - «Դրան հասնելու համար արդեն իրոք անհրաժեշտ կլինեն մեզանում արմատական փոփոխություններ` կապված մեր քաղաքական իրավիճակի, մեր տնտեսական պայմանների, ընդհանուր մթնոլորտի փոփոխման հետ»: