Ընդդիմությունը մեկնաբանում է «կոռուպցիայի» վերաբերյալ նախագահի խոսքերը

Հայաստան -- Իշխող Հանրապետական կուսակցության համագումարը, 15-ը դեկտեմբերի, 2012թ․

Ընդդիմադիր քաղաքական ուժերը թերհավատությամբ են ընդունում կոռուպցիան եւ չարաշահումները «լուսանցք տեղափոխելու» մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը։
«Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները», - դեկտեմբերի 15-ին Հանրապետական կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

Հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կայացած իր 14-րդ համագումարում միաձայն նախագահի թեկնածու առաջադրեց գործող նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին:

«Այն, որ իրենք հայտարարել են, որ կոռուպցիա կա, որ վիրահատական միջոցառումներ են պետք, արմատական միջոցառումներ են պետք, խոշոր գլուխները պետք է բռնել եւ այլն՝ դա ասել են, բայց ասելուց հետո դեռ գործողություն չեն արել, որ տեսնենք, թե կոռուպցիան որքանով է նվազում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, - «Մեր մոտ համակարգային կոռուպցիա է։ Համակարգային կոռուպցիան չի կարող ինչ-որ առանձին դրվագներով լուծում ստանալ՝ մի քանի չինովնիկի բռնելով, այլ անհրաժեշտ են համակարգային լուծումներ»։

Իսկ համակարգային լուծումներ, ըստ Մարտիրոսյանի, հնարավոր են այն դեպքում, երբ իշխանության թեւերը տարանջատված լինեն, հակակշիռների մեխանիզմն աշխատի, իշխանությունն ու բիզնեսը տարանջատված լինեն, ընտրական մեխանիզմներում արդարություն լինի եւ մարդու իրավունքները պաշտպանված լինեն։

«Այսինքն, եթե այս բոլոր խնդիրները չկան, ընդդիմությունը գոնե վերահսկողական լծակներ չունի, ապա այդ դեպքում խոսել համակարգային փոփոխությունների մասին եւ համակարգային կոռուպցիայի վերացման մասին դեռ շատ վաղ է», - հավելեց «Ժառանգության» ներկայացուցիչը։

ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն էլ այս ենթատեքստում հարց է բարձրացնում՝ ենթադրենք Սերժ Սարգսյանը ճիշտ է, ուրեմն ի՞նչ, «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությո՞ւնն է սխալ, երբ 10 տարի առաջ արձանագրում էր, որ Հայաստանը կոռուպցիայի աստիճանի առումով աշխարհում 75-րդն է, իսկ հիմա ՝125-րդ։

«Երկիրը 50 աստիճան կոռումպացվել է, եւ դա եղել է Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Կոռուպցիայի դեմ պայքարի միակ ձեւը գիտե՞ք որն է՝ առաջին դեմքը երկրորդից կաշառք չի վերցնում։ Կոռումպացվածության բուրգը ղեկավարվում է վերեւից, երբեք ներքեւից կոռուպցիա չի լինում», - վստահեցնում է Արամ Մանուկյանը։