«Հայակ» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլին

«Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013 թվականի ապրիլի 13-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Յուրաքանչյուր մրցանակաբաշխություն գեղարվեստական չափանիշներ ամրակայելու համար է, եւ այդ իմաստով «Հայակը» կարեւոր առաքելություն ունի», - այսօր նշեց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը:

Այս տարի «Հայակը» մրցանակաբաշխությանը միացել է նաեւ Հայկական ազգային կինոակադեմիան:

2013 թվականի «Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը, ի տարբերություն նախորդ տարվա, կունենա 15 անվանակարգ 12-ի փոխարեն` լավագույն գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր, օպերատոր, սցենարի հեղինակ, նկարիչ, կոմպոզիտոր, դերասանուհի, դերասան, կարճամետրաժ ֆիլմ, վավերագրական ֆիլմ, անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ, կավելանան երկրորդական դերի լավագույն դերասան, դերասանուհի եւ լավագույն արտասահմանյան ֆիլմ, այսինքն սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք անվանակարգերը: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվեն նաեւ հատուկ մրցանակներ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած վաստակի համար:

Կազմակերպիչներից Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում կներկայացվեն միայն 2012 թվականին արտերկրում արտադրված ֆիլմերը:

2013 թվականի «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2011 թվականին արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն մասնակցել նախորդ մրցույթին եւ 2012-ին արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների: Ժյուրին կազմված է լինելու 11-13 անդամից` ներառյալ նախագահը: Քվերակությունը գաղտնի է լինելու:

Մրցույթին մասնակցելու հայտերը ընդունվելու են դեկտեմբերի 20-ից մինչեւ փետրվարի 15-ը: Այնուհետեւ կկազմակերպվի ներկայացված ֆիլմերի նախնական դիտում, կընտրվի լավագույն ֆիլմերը, մարտի 19-ից մինչեւ ապրիլի 11-ը մրցութային հանձնաժողովը կկազմակերպի ընտրված ֆիլմերի վերադիտում: Ապրիլի 12-ին մրցութային հանձնաժողովը կհրավիրի նիստ, որի ընթացքում հայտնի կդառնան 2013-ի «Հայակի» հաղթողները, կհայտարարվեն ապրիլի 13-ին:

Մրցանակաբաշխության մրցանակի պատկերը երկու ձեռքերի միացությունը երկար ժամանակ կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն կոչվում է հայակ:

Your browser doesn’t support HTML5

2013-ի ապրիլին տեղի կունենա «Հայակ» մրցանակաբաշխությունը