Ռուսական կողմը ուզում է բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանի փոխանցմամբ, այսօր Ռուսաստանը փորձում է բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը, մինչդեռ հայկական կողմը ձգտում է դա թույլ չտալ:
Նման հայտարարություն Մովսիսյանն արեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Մինչեւ տարվա վերջ հույս ունենք, որ կունենանք [նորություններ գազի գնի հետ կապված]», - մասնավորապես ասաց Մովսիսյանը՝ հավելելով, թե առայժմ չի կարող ասել՝ բարձրացում կլինի, թե ոչ։ - «Բնականաբար բանակցությունը գնում է նրա համար, որ չբարձրացնեն։ Այսինքն՝ ուզում են բարձրացնել, մենք էլ չենք ուզում»։

Ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստան ներմուծվող բնական գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս։

Հայաստանի կառավարությունը պնդում է, որ ռուսական բնական գազի գինը մեր երկրի համար չի բարձրացել եւ հազար խորանարդ մետր գազի դիմաց շարունակում ենք սահմանին վճարել 180 ԱՄՆ դոլար: Մինչդեռ, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում` հուլիս-սեպտեմբեր ամիսներին, մեր երկիրը Ռուսաստանից բնական գազը գնել է հազար խորանարդ մետրի դիմաց վճարելով ավելի քան 244 ԱՄՆ դոլար:

Թե´ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, թե´ կառավարության այլ ներկայացուցիչներ մինչ օրս չեն մեկնաբանել Պետեկամուտների կոմիտեի հրապարակած այս տվյալները:

Եթե հիմք ընդունենք նշված տվյալները, ապա ստացվում է, որ վերջին 7 տարիներին Ռուսաստանը ավելի քան 4 անգամ թանկացրել է Հայաստանին վաճառվող բնական գազը: 2005թ.-ին Հայաստանը Ռուսաստանից ներմուծվող հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում էր ընդամենը 56 ԱՄՆ դոլար:

Գազաբաշխիչ ցանցով Հայաստան բնական գազի ներմուծման ու սպառողներին վաճառքի գործում մոնոպոլ դիրք ունի «Հայռուսգազարդ» ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմին», իսկ մնացած 20 տոկոսը Հայաստանի կառավարությանը: 2008թ. «Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» միջեւ կնքված պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր տարի գարնանը երկու ընկերությունները համաձայնեցնում են Հայաստանին վաճառվող գազի նոր գինը եւ կնքում համապատասխան լրացուցիչ համաձայնագիր: Այս տարի լրացուցիչ համաձայնագրի մասին այդպես էլ պաշտոնապես չհայտարարվեց։ Պաշտոնապես նշվում է միայն, որ բանակցություններ են ընթանում:

«Գազպրոմի» մամուլի ծառայությունից Հայաստան արտահանվող գազի գնի վերաբերյալ կրկնեցին վերջին մի քանի ամիսներին տրվող պատասխանը` այդ տեղեկությունը կոմերցիոն գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման:

Ավելի վաղ ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում ՙՕրակարգ՚ պարբերականի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը կարծիք էր հայտնել, որ իրականում այս տարվա ընթացքում Ռուսաստանն արդեն իսկ բարձրացրել է Հայաստան մատակարարվող գազի գինը, ինչի մասին վկայում են Պետեկամուտների կոմիտեի տվյալները: Սակայն, ըստ Չատինյանի, Հայաստանի իշխանությունները փորձում են դա թաքցնել հանրությունից եւ սուբսիդավորում են «Հայռուսգազարդին», որպեսզի այն չբարձրացնի գինը: