Եգիպտոսում հանրահավաքի դուրս կգան նախագահի համակիրներն ու հակառակորդները

Եգիպտոս – Ընդդիմության բողոքի ակցիա Կահիրեում, 8-ը դեկտեմբերի, 2012թ․

Եգիպտոսի ընդդիմություն ու նախագահին սատարող ուժերը այսօր պատրաստվում են հանրահավաքներ անցկացնել, որոնց շարժառիթը նախատեսվածի պես դեկտեմբերի 15-ին սահմանադրական հանրաքվե անցկացնելու՝ նախագահ Մուհամմեդ Մուրսիի հայտարարությունն է։

Սահմանադրական հանրաքվեի միջոցով նախագահական լիազորությունները զգալիորեն ընդլայնելու՝ Եգիպտոսի նախագահի որոշումը արյունալի բախումների հանգեցրած բողոքի ակցիաների պատճառ է դարձել։

Ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատը» հինգշաբթի օրը բողոքի հանրահավաք է հրավիրել։ Ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել սահմանադրական հանրաքվեն, պնդելով, որ Մուրսիի աջակիցների կազմած Սահմանդրության նոր տարբերակը չի երաշխավորում մարդու հիմնարար ազատությունները, սահմանափակում է կանանց իրավունքները եւ դրա ընդունումը միայն ավելի կվատթարացնի իրավիճակը։

Իսլամիստական ուժերը, այդ թվում նախագահին սատարող «Մահմեդական եղբայրությունը», նույնպես պատրաստվում են հինգշաբթի օրը հանրահավաք անցկացնել։