Գյումրիի նախկին քաղաքապետի փեսայի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Կարեն Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Սարգսյանը, ով համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստերը, իմանալով, որ 2012թ. ապրիլի 12-ին պետք է տեղի ունենա վերջինիս եւ Կարեն Եսայանի նշանադրությունը, որոշել է վրեժխնդիր լինել` Եսայանին սպանելու եւ նշանադրության արարողությունը խափանելու միջոցով: 2012թ. ապրիլի 12-ին, «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող ամայի տարածքում հանդիպելով Եսայանի հետ, Հ. Սարգսյանը 16 տրամաչափի ողորկափող հրազենից կրակել եւ սպանել է նրան:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Հ. Սարգսյանը 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` ներմուծել եւ իրացրել է ավտոմեքենաներ, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 188-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: