Դեկտեմբերի 4-ի մամուլ

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «ԲՀԿ-ն զարմացած է, ԲՀԿ-ն ապշած է, ԲՀԿ-ն, ի վերջո, վիրավորված է: Քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ ինչ սիրալիր ու ջերմ էին միմյանց հանդեպ, որքան համերաշխ էին գործում «համակարգային փոփոխությունների» կողմնակից «Բարգավաճ Հայաստանն» ու ՀԱԿ-ը, ինչ երանելի պահեր էին, ինչպես էին կես խոսքից միմյանց հասկանում: Իսկ ահա երեկ անակնկալ կերպով սեւ կատու անցավ դաշնակից ուժերի միջեւ: Ո՞վ կմտածեր, որ «Մարտի 1»-ի թեման կարող էր փորձաքար դառնալ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համար` լրջորեն վտանգելով երկու ուժերի միջեւ արդեն իսկ նշմարվող սերտ համագործակցության հեռանկարը: Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի առաջարկով ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման հարցը հետաձգվեց, ինչին համաձայնվեց նախագիծը ներկայացնող ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Որոշվեց, որ «Մարտի 1»-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը խորհրդարանը կքննարկի նախագահական ընտրություններից հետո»:

Իր որոշումը Գագիկ Ջհանգիրյանը պարզաբանել է «Օրակարգ» թերթի հետ զրույցում. - «Նպատակը շատ հստակ էր. քանի որ մեծամասնությունը մեծամասնություն է նաեւ հանձնաժողովներում, այդ թվում՝ պետաիրավական, եւ եթե մեծամասնությունը դրական եզրակացություն չի տալիս նախաձեռնությանը, նշանակում է հարցը լիագումար նիստի օրակարգ ընդգրկվում է քվեարկությամբ: Եթե մեծամասնություն չունենք հանձնաժողովներում, նշանակում է լիագումար նիստի օրակարգ հարցը չի ընդգրկվում եւ դրանով հարցը փակվում է: Թեկուզ մենք վստահ էինք, որ հանձնաժողվում թե՛ ԲՀԿ-ն, թե՛ «Ժառանգությունը», թե՛ ՀՅԴ-ն եւ թե՛ բնականաբար ՀԱԿ-ը կողմ էին քվեարկելու, միեւնույն է, չունենք այն 66 ձայնը, եւ հարցը չէր ընդգրկվելու: Հեղինակի՝ տվյալ դեպքում իմ ընտրությունը հետեւյալն էր՝ կա՛մ ես չպետք է գնայի կոմպրոմիսի, եւ մենք չէինք ստանա դրական եզրակացություն, եւ խնդիրը դուրս է գալիս օրակարգից, կա՛մ մենք պետք է գնայինք ինչ-որ համաձայնության, որով պետք է պահպանեինք հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը»:

«168 ժամ»-ի մեկնաբանը ներկայացնում է իր տեսակետը ներկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ. - «Այս «իրական քաղաքական գործընթացի» հետեւանքներից մեկն էլ այն է, որ, ի տարբերություն 2007 թվականի, երբ հասարակությունը, քաղաքական դաշտը սպասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքին ու որոշումներին, հիմա սպասումը Գագիկ Ծառուկյանից է, ում որոշմանն է սպասում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս հետեւողական ջանքերի շնորհիվ քաղաքական գործընթացներում փողոցին, այսինքն` հասարակությանը, փոխարինելու եկավ «Կանյաչնի»-ն, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքներ է անցկացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նախընտրական գործընթացներում հանրահավաքների բացակայությունը մեծ ծառայություն է նաեւ գործող իշխանությանը, որի դեմ պայքարում է ՀԱԿ-ը: Միջազգային հանրությունը, ի թիվս այլ գործոնների, երկրում ժողովրդավարության վիճակը գնահատում է՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանով է հասարակությունն իր կարծիքն արտահայտում հանրահավաքների, բողոքի ակցիաների միջոցով: Դրանց բացակայությունը միջազգային հանրության, եվրոպական եւ այլ կառույցների կողմից ընկալվում է որպես ժողովրդավարության իրական արտահայտման ցուցանիշ»:

«ժողովուրդ»-ը գրում է. - «Հետաքրքիր է, որ վերջին օրերին ԱԺ նիստերին չմասնակցած Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական այցով, այն էլ` պատվիրակությամբ մեկնում է Բրյուսել: Հարցին, թե ինչու ԲՀԿ առաջնորդը այցերի փոխարեն չի մասնակցում իր երկրում խորհրդարանական աշխատանքներին` նաեւ նույն այցերի պատճառով ուշացնելով իր որոշման մասին սպասված հայտարարությունը, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը մշտապես կարեւորել է խորհրդարանի դերակատարումը մեր երկրի քաղաքական կյանքում, իսկ քառօրյայի աշխատանքներին նրա չմասնակցելը պայմանավորված է մշտապես աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Աշխատանքային ծանրաբեռնվածության հետ կապված` հարկ է հիշեցնել, որ նոյեմբերի 28-ին ԲՀԿ առաջնորդը, գտնվելով Երեւանում, Ազգային ժողովի նիստին մասնակցելու փոխարեն գերադասեց մասնակցել սպորտային միջոցառման բացմանը: Եվ անզեն աչքով երեւում է, որ ԲՀԿ պատվիրակության այս այցը ունի ավելի շատ ժամանցային բնույթ: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ պաշտոնական այցելությամբ ԲՀԿ-ն եւս 2-3 օրով կարող է հետաձգել նախագահի առաջադրման մասին չարաբաստիկ որոշման հայտարարությունը: Այնպես որ, կարծել, թե նախագահ դառնալու «դաբրոյի» հետեւից է Ծառուկյանը Բրյուսել մեկնել, ամենեւին ճիշտ չէ»:

Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքական դիրքորոշման մասին «Իրատես de facto»-ն զրուցել է իշխող ուժի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ձեր գնահատականով` մենք Ռուսաստանի ազդեցության դաշտից դո՞ւրս ենք գալիս»: Պատասխան. - «Համամիտ չեմ հարցի ձեւակերպմանը: Մենք իրականացնում ենք անկախ երկրի քաղաքականություն, ունենք զինակցային ու դաշնակցային հարաբերություններ ՌԴ-ի հետ, միեւնույն ժամանակ խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Մենք ոչ թե կամ-կամի քաղաքականության կողմնակից ենք, այլ եւ-եւ-ի: Ռուսաստանը մեր գործընկերն ու դաշնակիցն է, շատ կարեւոր ծրագրեր ունենք ՌԴ-ի հետ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում»: