Միջադեպեր թիվ 1 ընտրատարածքում ընտրությունների ժամանակ

Your browser doesn’t support HTML5

Միջադեպեր թիվ 1 ընտրատարածքում ընտրությունների ժամանակ

Երեւանի Ավան վարչական շրջանը եւ Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին հետեւելիս «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը առավոտից ականատես եղավ բնակելի շենքերի առջեւ ընտրողների սպասող՝ գծերից դուրս եկած երթուղայինների, ցուցակներ ձեռքներին ինչ-որ մարդկանց, բակերում ու ընտրատեղամասերի դիմաց կուտակված թաղային հեղինակությունների: Վերջիններս խիստ զգայուն էին տեսախցիկի նկատմամբ եւ տեսնելով, որ իրենց նկարահանում են, սպառնում էին խցիկը կոտրել:

Նոր Նորքի երկրորդ զանգվածի հանրակացարանների դիմաց բանը հասավ ձայնագրիչը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի ձեռքից խլելուն եւ տեսախցիկին հարվածելուն։ Միջադեպը ծագեց այն բանից հետո, երբ տեսնելով դռները բաց կանգնած թիվ 32 համարի դատարկ երթուղայինը եւ լսելով, թե ինչպես մի երիտասարդ ինչ-որ ցուցակ ձեռքին մի կնոջ հրահանգեց` «զանգիր, թող իջնեն», լրագրողը փորձում էր ճշտել, թե ինչ ցուցակ է կնոջ ձեռքում՝ ի դեպ, ի սկզբանե ներկայանալով որպես լրագրող։

Մինչ այս միջադեպը տարածքի այս եւ մի քանի այլ երիտասարդներ, որոնք այդպես էլ չներկայացան, խիստ նյարդայնացած էին կայանված երթուղայինները նկարահանելու փաստից։

Թիվ 1/24 ընտրատեղամասային հանձնաժողովի շենքի դիմաց էլ «Ազատության» լրագրողը խոչընդոտների հանդիպեց, երբ տեսնելով խմբով հավաքված երիտասարդների՝ փորձում էր ճշտել, թե որն է նրանց այստեղ հավաքվելու նպատակը։

Երբ լրագրողը ներս մտնելով փորձեց հանձնաժողովի անդամներից ճշտել, թե որն է մուտքի դիմաց այս երիտասարդների խմբվելու իմաստը, հետեւյալ պատասխանը ստացավ. - «Տոն ա»։ Հարցին էլ, թե ի՞նչ տոն է, այս պատասխանը տրվեց. - «Ընտրություն, ընտրությունը ուղղակի տոն ա»։

Այս ընտրատարածքում մրցում են երեք թեկնածուներ՝ իշխող Հանրապետականի կողմից առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, ով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը եւ ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը: Ի դեպ, հատկապես Ավանում ընտրատեղամասերի մոտ «Միլենա», «Էլենա» տաքսի ծառայությունների մեքենաների ակտիվ հոսքը նկատելի էր։ Վարորդները պարզաբանում էին, որ սովորական պատվերի մեջ են, ընտրողներին տեղամասեր տանելու մասին խոսք լինել չի կարող:

«Ժառանգության» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի շտաբը մարդկանց խումբ-խումբ տեղափոխելու բազմաթիվ ահազանգեր առավոտից հնչեցրել էր:

«Արձանագրություններ ունենք կամ վկայություններ ունենք թիվ 1 ընտատարածքի այս կամ այն հասցեից, այս կամ այն շենքից հստակ ժամերով մարդկանց տեղափոխելու։ Մենք տեղեկություններ ունենք, որ մրցակցի՝ Ռոբերտ Սարգսյանի վստահված անձերը տեղամասային հաննաժողովի մուտքի մոտ անմիջապես հաշվառում են՝ ովքեր եկան այդ շենքից եւ ովքեր չեկան», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սաֆարյանը։

Թիվ 1/27 տեղամաս այցելության ժամանակ էլ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը տեղեկացավ, որ ընտրողներից մեկը տարվել է ոստիկանության բաժանմունք: Հանձնաժողովի նախագահ Դանիել Իոնիսյանը պատմեց, որ ընտրողը ինչ որ գումարից է խոսել. - «Մոտեցա ընտրողին, հարցրեցի ասեցի՝ «ինչի՞ համար ես եկել քվեարկելու», ասեց՝ «մամայիս խաթեր»։ Ասում եմ՝ «բայց ասում են՝ փող են տվել քեզ», ասեց՝ «հա, փող են տվել, գիտեմ ում եմ քվեարկելու»։ Հարցրեցի, թե ով ա փող տվել, ասեց՝ «դու կամերա էլ կունենաս», ու դրանով, բնականաբար, մեր խոսակցությունը ավարտվեց, ու հայտնեցի ոստիկաններին այդ մասին»։

Այսօրվա քվեարկության առաջին ժամերին էլ մի շարք տեղամասերում անձնագրերի դրոշմակնիքների թանաքանյութն արագ անհետացել է՝ 10 -15 րոպեի ընթացքում։ Սաֆարյանի շտաբը կատարվածը որակում է կրկնաքվեարկությունների նախապայման, մինչդեռ թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց այդ պնդումներին եւ ասաց, որ թանաքանյութի անհետացում արձանագրել են երեք տեղամասերում։ Պատճառը, ըստ նրա, թանաքը լավ չթափահարելն էր։ «Եղանակն էլ ինչ-որ տեղ կապ ունի, որովհետեւ ամառվա ամիսներին որ օգտագործել են՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, էդ նույն թանաքի խմբաքանակն են օգտագործել. էդ ժամանակ նորմալ ա եղել», - հավելեց Հայրապետյանը՝ վստահեցնելով. - «Էնտեղ պրոբլեմային բան չկա, հասկանո՞ւմ եք, ես չեմ կարծում, որ կվերցնեն՝ դիտավորյալ... Էդ թանաքի անհետանալը ոչ մեկի ոչինչ չի տալիս, բացի ավելնորդ խոսակցություններից, կասկածանքից՝ ուրիշ ոչ մի բան էլ չի տալիս։ Որոշ մարդկանց համար էլ շահարկելու տարբերակ է»։

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը հերքեց նաեւ մարդկանց երթուղայիններով ու տաքսիներով քվեարկության տանելու մասին պնդումները։ «Էդ աղմուկը ես չգիտեմ ինչի համար է։ Չեն բերվում՝ նախ, առաջինը, ավելնորդ խոսակցության տեղիք չտալու համար, բայց օրենքը նման երեւույթը չի արգելում, եթե ինչ-որ մեկը իր հարեւաններին նստեցնում է մեքենան, տանում-հասցնում է ընտրական տեղամաս։ Էդպիսի բան ոչ մեկը չի արգելում։ Բայց որպեսզի ավելնորդ խոսակցություններ չլինի, մեր համայնքում ընդհանրապես արգելված է եղել, որ ման մոտեցում, վերաբերմունք ցույց տան», - ասաց Հայրապետյանը։

Հանձնաժողովը միջադեպեր չէր արձանագրել:

Հանրապետական Ռոբերտ Սարգսյանի թիմի հետ զրուցել առայժմ չհաջողվեց՝ փոխանցեցին, որ շտաբի պետը քաղաքում չէ, խորհուրդ տալով շտաբ գնալ երեկոյան ժամը 9-ից հետո: