ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկեց ՀԱԿ-ի առաջարկը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում կկայացնի երկուշաբթի օրը:

Հարցն այսօր քննարկվեց, բայց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ) առաջարկով չքվեարկվեց:

Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանության, մի քանի վիրավորների դեպքերով իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցը դարձնել Ազգային ժողովի նոր ժամանակավոր հանձնաժողովի քննարկման առարկա:

Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հիմնավորելով առաջարկությունը` Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը փաստեց, որ մարտի 1-2-ի դեպքերից անցել է մոտ 4.5 տարի, սակայն թե' սպանությունների, թե' քաղաքացիներին, զինծառայողներին ու ոստիկաններին հասցված հարյուրավոր մարմնական վնասվածքների դեպքերի բացարձակ մեծամասնությունը մինչեւ այսօր բացահայտված չեն ու հարյուրավոր հանցագործներ մնացել են անպատիժ:

Նա հայտարարեց, որ ընդդիմությունից որեւէ մեկը մարտի 1-2-ին զենք-զինամթերք գործադրելու մեղադրանքով չի դատապարտվել. - «Ուրեմն բարի եղեք ճշտել` ո՞վ է կատարել 10 սպանությունները»:

«Սա ձեզ ասում եմ որպես երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող դատախազ` հնարավոր չէ 10 սպանություն [տեղի ունենալ] եւ մի քանի հարյուր մարդկանց հրազենային ու մարմնական վնասվածքներ պատճառվել մի սահմանափակ տարածքի մեջ, եւ որեւէ այդպիսի դեպք չբացահայտվի», - պնդեց ընդդիմադիր պատգամավորը:

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան (ՀԱԿ)

Ջհանգիրյանը համոզմունք հայտնեց, որ թեեւ Մարտի 1-ի քրեական գործը կասեցված չէ, բայց դրա շրջանակներում ակտիվ քննչական գործողություններ չեն կատարվում` չնայած կա Սերժ Սարգսյանի հանձնարարականը:

«Եթե իրականում պետության ղեկավարները հանձնարարում են եւ ցանկանում են ինչ-որ հանցագործություններ անմիջապես բացահայտել, եւ իրավապահ մարմինները չեն կարողանում կատարել այդ հանձնարարությունները, նրանք առնվազն պետք է հեռացվեին զբաղեցրած պաշտոններից, կարգապահական եւ այլ պատասխանատվության ենթարկվեին: Սակայն դուք տեսնում եք, որ նրանք ողջ-առողջ շարունակում են պաշտոնավարել, ավելին` տարբեր տոների ու տոնակատարությունների կապակցությամբ մեդալների ու պարգեւատրումների են արժանանում»:

Այդպիսով, մինչեւ մարտիմեկյան դեպքերը Հայաստանի զինդատախազի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Ջհանգիրյանը եզրակացրեց, որ Գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը պարտակում են հանցագործներին: Ուստի ընդդիմադիրներն առաջարկում են նոր հանձնաժողովին օժտել տարբեր պաշտոնյաների հրավիրելու, պետական մարմիններին հարցումներով դիմելու, հնարավորինս սեղմ ժամկետում նրանցից անհրաժեշտ տեղեկություններ ստանալու լայն լիազորություններով: Աշխատանքներն ավարտելուց հետո հանձնաժողովը պետք է իր գործունեության արդյունքների մասին եզրակացություն ներկայացնի խորհրդարանին:

Նա նաեւ ասաց, որ իրենց նպատակը ԱԺ նախորդ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը կրկնելը չէ, ոչ էլ դրա եզրակացությանն անդրադառնալը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) հարցին, թե հնարավոր է, որ պաշտոնանկությունների հարց բարձրացվի, Ջհանգիրյանն արձագանքեց. - «Իմ առավելագույն լավատեսությունը դրան է վերաբերվում, որ քաղաքական մեծամասնությունն էլ կտեսնի` լավ, չի կարելի աչքերը այսքան փակել, լավ, հովանավորում են, հասկանալի է, բայց կոծկել, խրախուսել, պարգեւատրել, առաջ քաշել, պաշտոններ տալ` մի քիչ ծայրահեղություն է»:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, առաջարկելով մինչեւ երկուշաբթի հետաձգել հարցի քվեարկությունը, նշեց, որ այդ ընթացքում կկարողանա դիմել պետական տարբեր մարմինների` Ջհանգիրյանի այսօրվա պնդումների վերաբերյալ երկրորդ կողմի կարծիքը ստանալու համար:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան (ՀՀԿ)

«Հարցերը, որոնք իմ մոտ ծագեցին, պատրաստվում եմ ուղղել Հատուկ քննչական ծառայությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա` չհամաձայնելով դիտարկմանը, թե գուցե ավելի լավ կլինի, եթե այդ հարցերի պատասխանները հնչեն ստեղծվելիք հանձնաժողովում. - «Ես չեմ կարծում, որովհետեւ, ցավոք սրտի, մենք ունեցել ենք նման փորձ` փաստահավաք խմբի, որը դարձել է ավելի շատ քաղաքական բանավեճերի տեղ, եւ այսօրվա ելույթներում եւս հնչում էր որոշ դեպքերում ընդամենը քաղաքական դիրքորոշում»:

Նշենք, որ այս հանձնաժողովում գերակշռում են իշխանական կոալիցիայի անդամները, եւ քանի որ խորհրդարանական մյուս խմբակցությունների անդամները կողմ են Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողովի ստեղծմանը, ուստի առավելապես իշխանական թեւի պատգամավորների քվեարկությամբ պայմանավորված կլինի այս նախագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու հարցը:

Հայ ազգային կոնգրեսը, անկախ այդ որոշումից, պատրաստվում է նաեւ այս նախագիծը խորհրդարանի քննարկման առարկա դարձնել արտահերթ կարգով: Դա, սակայն, արդեն հաջորդ նստաշրջանում:

Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին նաեւ փոխանցեց, որ իրենք թեեւ վերապահումներ ունեն, բայց վստահ չեն, որ Ազգային ժողովն ունի այդ հարցերին պատասխանելու լիազորություններ: Այդուհանդերձ` նախագծի վերաբերյալ վերջնական տեսակետ չեն ձեւավորել:

«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը հանձնաժողովի նիստում ասաց. - «Ազգային ժողովի այս ինստիտուտը այս պահի դրությամբ փաստորեն մնում է միակ միջոցը, որը կարող է հնարավորություն ընձեռել ինչ-որ ձեւով բացահայտել այն հանցագործությունները, որ տեղի էին ունեցել»:

«Հայաստանում իրագործվում է 5 տարվա ընթացքում Մարտի 1-ի հանցագործությունների պարտակման եւ կոծկմման պետական ծրագիր», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով. - «Իսկ եթե այդպես չէ, ուրեմն համաձայնենք ստեղծել նման հանձնաժողով, որը կանդրադառնա այն փաստերին, որոնք կա'մ կհաստատեն, որ պետական նման ծրագիր իրագործվել է, կա'մ հակառակը` կհերքեն այդ իրողությունը»: