Նախագահը Լիբանանում համայնքային հանդիպումներ է ունեցել

Նախագահը Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հանդիպել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին

Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի նախագահի օրակարգը հագեցած էր համայնքային հանդիպումներով:

Սերժ Սարգսյանը այսօր եղել է Անթիլիասում, նրան ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը։ Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել, սատար կանգնել տեղի կաթողիկոսությանը։

Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը Արամ Առաջինը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման, մասնավորապես, փոխհատուցմանը վերաբերող խնդիրներ։ Շուրջ 150 հազարի հասնող լիբանանահայ համայնքը, որ համարվում է պատմական գաղթօջախներից մեկը, հարուստ ավանդույթներ ունի, եւ նախագահ Սարգսյանը այցի ընթացքում մի քանի կանգառներ կկատարի:

Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Լիբանանի նախագահի եւ վարչապետի հետ: Նախագահ Միշել Սուլեյմանի անունից տրված ընթրիքին եւս մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ։ Շահեն Քանդահարյանը ուշադրություն է հրավիրում, որ Հայաստանի նախագահը Լիբանան ժամանեց երկրի համար ճգնաժամային շրջանում. մի կողմից հարեւան Սիրիայում ամիսներ շարունակվող արյունահեղություններն են, որ սպառնում են նաեւ Լիբանանում տարածվել, մյուս կողմից էլ՝ երկրի ներքաղաքական լարվածությունը, ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի նիստերը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

«Եվ նման պայմաններում այցելությունը շատ կարեւոր է: Իհարկե, փոխադարձ այցելություն է` անցյալ տարի Լիբանանի Հանրապետության նախագահի` Երեւան կատարած այցելության, բայց կարծում եմ, որ նման ճգնաժամային պայմաններում Միջին Արեւելքին հատկացվող կարեւորությունը դրական ազդեցություն կունենա Միջին Արեւելքում ապրող հայ համայնքների համար», - ասաց Քանդահարյանը:

Երեւան-Բեյրութ միջպետական հարաբերությունները պաշտոնական հանդիպումներում բարձր էին գնահատվում, համագործակցության մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին։ «Ազդակ»-ի խմբագիրը նաեւ քաղաքական առումով է կարեւորում Սերժ Սարգսյանի այցելությունը:

«Վերջին շրջանում ակներեւ է տարածաշրջանում ու նաեւ Լիբանանում թուրքական գործոնի գերաշխույժ վիճակը, եւ նախագահի այցը եւ Երեւան-Բեյրութ միջպետական հարաբերությունների զարգացման այս նոր մեկնարկը կարող է դիտարկվել իբրեւ հակակշիռ քայլ քաղաքական առումով: Հատկանշական է, որ նախագահ այցելեց Լիբանանի Նահատակաց հուշարձան, որը խորհրդանշում է Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված լիբանանցի նահատակներին, եւ կարծում եմ, որ նրանց հիշատակը հարգելու քայլը քաղաքական հստակ ուղերձ ունի այս տարածաշրջանում», - ասաց խմբագիրը: