Սիրիայի հայ համայնքի խնդիրները ավելանում են

Սիրիա - Տեսարան վերջին ամիսներին ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Հալեպից

Այս օրերի ամենամեծ խնդիրը Հալեպում, Բերիո թեմի բանբերի վկայությամբ, վառելանյութի բացակայությունն է։
Սիրիայի հայ համայնքը պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի ստացել այն մասին, թե երբ եւ ինչպես Սիրիա կուղարկվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարի իրեն հասանելիք մասը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում այդ մասին ասաց Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը անցած շաբաթ հայտարարեց, որ «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։ Այս գումարի մոտ տասը տոկոսը հատկացվելու է սիրահայության խնդիրների լուծմանը:

«Հայաստան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաջիկայում կքննարկվի այս հարցը. իրենք սպասում են դեռեւս ԱՄՆ-ում գտնվող Հիմնադրամի տնօրենի վերադարձին:

Հանգանակված գումարը մեծ օգնություն կլինի Հալեպում բնակվող հայերի համար: Ռեիսյանը նշում է, որ հայկական համայնքի խնդիրներին ավելացել է եւս մեկը` ջեռուցման հարցը: Հալեպում վառելանյութ չկա, ինչը արդեն խնդիրների առջեւ է կանգնեցնում բնակչությանը:

«Կարիքները բազմատեսակ են։ Ամենամեծ խնդիրը առաջիկա օրերին ջեռուցման դժվարությունն է, մազութի, վառելանյութի, որ այս օրերին գրեթե գոյություն չունի։ Դժվարություն է նույնիսկ եփելու գազը գտնելը», - ասաց Բերիո թեմի խոսնակը։

Հալեպում բնակարանները ջեռուցվում էին մազութով: Ռեիսյանն ասում է, որ վառելանյութ չկա, իսկ խոհանոցում օգտագործվող վառելիքը թանկացել է մոտ 6 անգամ:

Ռեիսյանի տվյալներով` երեկ ազատ է արձակվել հայազգի հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը, բայց առայժմ հայտնի չեն ազատ արձակման մանրամասները: Գաբիրելյանը եւ նրա երկու ընկերները անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել էին նոյեմբերի 7-ին` չարտոնագրված գործունեության համար:

Որոշ սիրիահայեր վերադառնում են Հալեպ

Չնայած Հալեպում առկա դժվարություններին, անգործությանն ու թանկությանը, Հայաստանում գտնվող սիրիահայերի մի մասը ետ է վերադառնում Հալեպ: Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիների» տվյալներով, այսօր Հալեպ մեկնեց 50 ուղեւոր, իսկ Հալեպից Հայաստան ժամանեց մոտ 3 անգամ ավելի ուղեւոր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հալեպահայերը ասում էին, թե գիտակցում են, որ մեկնում են ռմբակոծությունների, պայթյունների ու վտանգների կենտրոն, բայց այլ ելք չունեն: Հ

«Վտանգավոր է, բայց ստիպված ենք. երկու է ամիս է այստեղ էինք, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հանգստացանք, հիմա գնանք նայենք, եթե շատ վատ է, ետ կգանք», - ասում է հալեպցի ճարտարապետ Գրիգոր Զոպյանը, ով կնոջ հետ Հալեպ էր մեկնում անորոշ ժամանակով:

Զոպյանի գրասենյակը, որտեղ նա զբաղվում էր ճարտարապետական աշխատանքով, մեկ տարի է չի գործում, պատվերներ չկան: Ամուսիններն ասում են, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ ընթացք կստանա իրենց կյանքն ու որտեղ վերջնականապես կհաստատվեն: Ասում են` եթե Սիրիայի պատերազմը շարունակվի, ապա Հայաստան կտեղափոխվեն, մանավանդ եթե հաջողվի վաճառել Հալեպի իրենց անշարժ գույքը:

Լորեն Բադգալյան Վասիլը 15 օր է անցկացրել Հայաստանում: Ասում է, որ իր երեխան գոնե այս կարճ ժամանակահատվածում հանգստացավ կրակոցների ու պայթյունների ձայներից: Լորենը Հալեպում բանկում է աշխատում: Բանկը գործում է, ուստի նաեւ այդ պատճառով ինքը չի կարող մնալ Հայաստանում: Չի կարող մնալ այստեղ, քանի որ տարեց հարազատներն այնտեղ են: Ինչպես շատերը, Լորենը եւս պատմում է, որ կյանքը Հալեպում դժվար է ու թանկ, ամենուր հացի հերթեր են:

Անտուանետ Բաղդասարյանը Հայաստանում երեք ամիս մնալուց հետո Հալեպ էր մեկնում ամուսնու մոտ: Կինն ասում է, որ հալեպահայերը Հայաստանի կառավարությունից օգնություն են ակնկալում հատկապես քանդված տների նորոգման հարցում:

«Գոնե տները վերանորոգեն, որ կարողանան բնակվել իրենց տան մեջ: Կարեւորը դա է», - ասում է Բաղդասարյանը:

Հալեպ մեկողները դժգոհում էին ինքնաթիռի տոմսերի գների թանկացումից: Արդեն մեկ ամիս է, «Սիրիական ավիաուղիները» մոտ 100 դոլարով թանկացրել է տոմսերի գինը` պայմանավորված օդային ճանապարհի փոփոխմամբ: Թուրքիայի արգելքից հետո Հայաստանից Սիրիա մեկնող ինքնաթիռը անցնում է Իրաքի օդային ճանապարհով, ինչի պատճառով թռիչքի տեւողությունը ավելացել է մոտ 3 անգամ: