Նոյեմբերի 24-ի մամուլ

«Հայոց աշխարհ»-ի քաղաքական մեկնաբանը հռետորական հարց է ուղղում՝ «Ո՞րն է այսօրվա քաղաքական համակարգի գլխավոր խնդիրը», ու պատասխանում․ - «Դա թույլ մրցակցությունն է, որն էլիտայի մեջ ատրոֆիայի է ենթարկում զարգացման ձգտումը։ Կարծում ենք, որ գերիշխող մեկ կուսակցության մոդելն արդեն այնքան էլ չի արդարացնում իրեն։ Որոշակի փուլում նպաստելով քաղաքական էլիտայի համախմբմանը՝ այն վերջնարդյունքում այլասերում է կառավարող խավին։ Զարգանում է կոմֆորմիզմ, քաղաքական միմիկրիա։ Նման համակարգը նվազեցնում է խելամիտ զարգացման հնարավորությունները։ Որպես դրա ապամոնտաժման տարբերակ, արմատական տրամադրված ընդդիմությունն առաջարկում է հեղափոխություն։ Բայց տվյալ սցենարն այն աստիճան վտանգավոր է, որ վախեցնում է նույնիսկ գործող իշխանության բազմաթիվ արմատական ընդդիմախոսների։ Գլխավոր խնդիրն այն է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում տեղի կունենա ընդամենը ներկայիս համակարգի վերարտադրություն, միայն թե այլ մարդկանց գլխավորությամբ»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք․ - «Քաղաքական դաշտի իշխանական հատվածը շունչը պահած սպասում է, թե երբ են ընդդիմադիր ուժերը սկսելու բանակցել կոնկրետ միասնական թեկնածուի շուրջ, որպեսզի հետո հրճվանքով արձանագրի, որ այդ հարցում բանակցությունները ձախողվել են։ Ընդդիմադիր ուժերն էլ, կարծես թե, կռահել են այդ խաղը եւ կուտը չեն ուտում։ Բանակցությունների ժամանակ միասնական թեկնածուի հարց ընդհանրապես չեն քննարկում։ Կարող է հարց առաջանալ՝ բա այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ ունեն բանակցությունները, էլ ինչի՞ շուրջ պիտի համագործակցեն, եթե կուսակցություններից ամեն մեկը իր թեկնածուով է մասնակցելու ընտրություններին։ Բայց հենց խնդիրն էլ այն է, որ նման համագործակցության փորձ արդեն կա։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե հիշում եք, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ կար։ Շատերը կարող են առարկել, թե այդ շտաբը թիթեռնիկի կյանք ունեցավ, արդյունքներն էլ առանձնապես չերեւացին, եւ դրա մեջ, իհարկե, ճշմարտության հատիկ կա»։

Թեման շարունակում է «Ժամանակ»-ի վերլուծաբանը․ - «Միասնական թեկնածու» գործողությունը, որ իրականացվում է ընդդիմադիր ճամբարում, դեռեւս շարունակում է լինել ինտրիգային, քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն հրապարակել իրենց որոշումները: Սակայն այն ինտրիգային է առավելապես հայաստանյան քաղաքականության ավանդույթների շրջանակում, որտեղ չկան գաղափարներ ու սկզբունքներ եւ երեկվա թշնամիները կարող են առանց որեւէ լուրջ հիմնավորման, ընդամենը պաթետիկ եւ կենացի մակարդակի բացատրություններով կամ «քաղաքական կրոնի» ուժով հայտարարել միմյանց միանալու կամ սատարելու մասին: Այլապես, Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան «միասնական» որեւէ ֆորմատ չէր էլ կարող քննարկվել անգամ, նույնիսկ այդ ամենի հետեւում Ռոբերտ Քոչարյանի բացակայության, եւ առավել եւս առկայության պայմաններում: Բայց ներկայումս հարցը քննարկվում է»:

«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները, եթե նա առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է․ - «Սյունիքի մարզում «Բարգավաճ»-ի մեծ մասը սատարելու է Հանրապետականի թեկնածուին՝ մեր նախագահին։ Ուզում ենք դուք էլ հաշվի առնեք, որ Հանրապետության նախագահը ի վերջո սյունեցի է»։ Իսկ հարցին էլ, թե «ԲՀԿ-ի կողմից մարզի ակտիվի հետ հանդիպումները կարո՞ղ են փոխել ընտրողների տրամադրությունը, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է․ - «Ի՞նչ հանդիպում, ի՞նչ տրամադրություն։ Իրանց գործն ա, դե թող հանդիպեն։ Ի՞նչ ա խանգարում։ Համոզված եմ, որ հանրապետական թեկնածուն՝ ի դեմս մեր նախագահի, բավականին մեծ տարբերությամբ կարող է հաղթել»։ Լրագրողը մեկնաբանում է․ - «Այս ուղերձի ենթատեքստը շատ պարզ է․ որքան էլ ԲՀԿ-ն ցուցադրում է իր հզորությունը, իր հինգ հարյուր հազար ձայները, դրանք տեղերում այլ տնօրինողներ կան»։

Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի։ Այդ մասին Ռոզա Ծառուկյանը ասել է երեկ՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին՝ կցանկանա՞ր արդյոք, որ իր որդին առաջադրվի։ - «Ոչ, ես խնդրում եմ՝ նման հարցերով ինձ մի ծանրաբեռնեք, քանի որ ես բուժման պրոցեսում եմ, արտերկրում եմ, հենց հիմա էլ բուժման պրոցեսում եմ», - ասել է Ծառուկյանի մայրը։