ՄԻԱՎ-ով երեխան եւ նրա մայրը օգնություն ստացան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այսօր հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ ՄԻԱՎ-ով ապրող երեխան եւ նրա մայրը, որոնց խնդրի մասին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ահազանգել էր շաբաթներ առաջ, օգնություն են ստացել։

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպության եւ Երեւանի քաղաքապետարանի երեխաների պաշտպանության բաժնի աջակցության շնորհիվ անմիջապես որոշակի սնունդ եւ հագուստ տրամադրվեց փոքրիկին եւ մորը։ Հայ օգնության ֆոնդը, որպես փորձառու եւ հուսալի կազմակերպություն, դարձավ այն կառույցը, որի միջոցով պետք է հետագայում ապահովվի երեխայի խնամքը։ Արտասահմանցի բարերարների՝ մասնավորապես Հայաստանում Բրազիլիայի դեսպանի եւ մի շարք այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ այսօր արդեն լուծվել է նրանց տան ջեռուցման խնդիրը, տրամադրվել է անհրաժեշտ հագուստ, սնունդ, կենցաղային իրեր, դեղորայք: Ստացված աջակցության շրջանակներում փոքրիկի համար կազմակերպվելու է նաեւ հոգեբանի եւ լոգոպեդի ծառայությունների տրամադրում», - տեղեկացնում է օմբուդսմենի աշխատակազմը` ընդգծելով. - «Սա այն բացառիկ դեպքերից է, երբ համատեղելով ջանքերն ու բարի կամքը, Պաշտպանի միջնորդությամբ հնարավոր եղավ անել մի բան, որն իրականում Պաշտպանի լիազորությունից եւ գործունեության շրջանակից դուրս էր»։