Վախճանվել է Ֆլորա Մարտիրոսյանը

Կյանքի 55-րդ տարում ԱՄՆ-ում այսօր մահացել է անվանի երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը։

Ֆլորա Մարտիրոսյանի ընկերներից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ երգչուհին լեղապարկի վիրահատություն էր տարել, որից հետո առաջացել էին բարդություններ։

Ընդամենը մի քանի օր առաջ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պատմեց երգչուհի Ալլա Լեւոնյանը, Մարտիրոսյանը հանդես էր եկել մենահամերգով:

«Համերգը տվեց, ժողովրդին հրաժեշտ տվեց, երեք օր հետո մահացավ», - ցավով հավելեց Լեւոնյանը: - «Այդ երգչուհին երգում էր իր հարուստ տեմբրով, ոչ մի ավելորդ բան չէր անում, բայց սիրվում էր, սիրված էր ու լեգենդար երգչուհի էր»:

«Ես ներկա եմ եղել նրա առաջխաղացման յուրաքանչյուր քայլին», - արվեստակից ընկերոջ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռուբեն Մաթեւոսյանը: - «Նա Հայաստան շատ հաճախ էր գալիս եւ ուրախացնում իր արվեստի սիրահարներին: Չեմ ուզում մտածել, որ այլեւս մեզ հետ չի լինելու: Ինքը չի լինելու, բայց երգը կլինի»:

Ֆլորա Մարտիրոսյանը 1991 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, սակայն գրեթե ամեն տարի հանդես էր գալիս երեւանյան մենահամերգներով, տարվա մի մասը անցկացնում էր հայրենիքում։

Ծագումով գյումրեցի երգչուհու երեւանյան վերջին համերգները այս տարվա ամռանն էին։

Ֆլորա Մարտիրոսյանը 1997-2001 թվականներին ղեկավարել է Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, իսկ Լոս Անջելեսում 2002 թվականին հիմնել էր երաժշտական դպրոց, որը Կոմիտասի անունն էր կրում։

Վերջին տարիներին երգչուհին հոլիվուդյան մի շարք աստղերի մասնակցությամբ իրականացնում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակին ծառայող «Այլեւս երբեք» խորագրով համերգաշարը:

Հայաստանի մշակույթի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ հուղարկավորության վայրը դեռեւս ճշտվում է երգչուհու ազգականների հետ: