Վարչապետը քիչ հավանական է համարում ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուով հանդես գալը

Հայաստան -- Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, Երեւան, արխիվ

«Քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա հավանականությունը համարում եմ շատ փոքր», - ասում է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ քիչ հավանական է համարում, որ Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստան»-ը 2013-ի նախագահական ընտրություններին մասնակցեն միասնական թեկնածուով։

Այսօր Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատատասխանից հետո տեղի ունեցած ճեպազրույցում պատասխանելով երկու քաղաքական ուժերի միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորության մասին ՀԱԿ-ի կողմից հնչեցված հայտարարության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, վարչապետը, մասնավորապես, ասաց․ - «Քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա հավանականությունը համարում եմ շատ փոքր»։

Տիգրան Սարգսյանը մանրամասնեց․ - «Ես նայում եմ մեր կուսակցությունների անցած ճանապարհը։ Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք միմյանց լավ ճանաչում ենք, գիտենք, թե ինչ արժեքների շուրջ է տեղի ունենում այդ համախմբումը, ովքեր են այդ գաղափարների կրողները, եւ այդպիսի կտրուկ շրջադարձը քաղաքականության մեջ ավելի քիչ հավանական է, քան այն գործելակեպրը, որը կար նախկինում, բայց չբացառելով, որ կարող են այլ սցենարներ եւս զարգանալ»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե վարչապետը շարունակո՞ւմ է պնդել, որ ուժի մեջ է դեռեւս 2011-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կնքված հուշագիրը, որով ԲՀԿ-ն պարտավորվել էր նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին։

«Մենք համախմբված ենք եղել ԲՀԿ-ի հետ մի հայտարարությամբ, որտեղ հստակ ֆիքսված էր, որ այդ 3 կուսակցությունները, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը, պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը 13 թվականի ընտրությունների ժամանակ։ Եղե՞լ է արդյոք այդ 3 կուսակցություններից որեւիցե մեկի կողմից պաշտոնական հերքում, որ նրանք հրաժարվում են այդ հայտարարությունից։ Ես ասել եմ՝ այդպիսի պաշտոնական հերքման հետ ես ծանոթ չեմ», - նշեց Տիգրան Սարգսյանը։

Մեր ճշտող հարցին՝ Գագիկ Ծառուկյանի՞ հերքման մասին է խոսքը, քանի որ ԲՀԿ-ականները արդեն իսկ բազմիցս հերքել են, վարչապետը պատասխանեց՝ «այո»։

Քանի որ վերջին օրերին խորհրդարանում ակտիվ քննարկվում է մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի հարցը, եւ ԲՀԿ-ն էլ այդ հարցի շուրջ քաղաքական խորհրդակցություններ է սկսել ընդդիմադիր ուժերի հետ, վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեցինք պատասխանել, թե ինքը կոնկրետ ո՞ր ընտրակարգի կողմնակիցն է եւ ինչպես է վերաբերվում այդ հարցի շուրջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին։

«Առաջինը՝ թույլ տվեք չմեկնաբանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները։ Երկրորդը՝ մենք նոր ենք մեր Ընտրական օրենսգիրքը փոփոխել, եւ կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ Ազգային ժողովում, լսել տարբեր տեսակետներ։ Բայց կարծում եմ այսօր՝ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, անդրադառնալ այդ խնդրին այնքան էլ ճիշտ չէ եւ մեր օրակարգում այդ հարցը առաջնահերթ հարց չէ», - նշեց Տիգրան Սարգսյանը։

Անդրադառնալով 3 ամսից կայանալիք ընտրություններին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին նաեւ հարցրեցինք, թե կիսո՞ւմ է իր Հանրապետական գործընկերների այն տեսակետը, որ այս ընտրություններում Սերժ Սարգսյանը մրցակից չունի եւ մյուս թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար։ Այս հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց․ - «Ընդհանրապես քաղաքական մրցակցությունը խիստ անհրաժեշտ է ընտրությունների ժամանակ։ Բայց իրողությունը այսօր այնպիսին է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգը եւ իմիջը շատ բարձր է եւ մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում իրողությունը այնպիսին է, որ շատ մեծ հավանականությամբ նա մեծ առավելությունով կընտրվի Հանրապետության նախագահ»։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաեւ քիչ հավանական համարեց, որ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները 2013-ի փետրվարին կայանալիք ընտրություններում կառաջադրեն իրենց թեկնածությունները։