Բողոքի ակցիա նախագահականի մոտ

Your browser doesn’t support HTML5

Պահանջում են բացահայտել «ծածկադմփոց արված» գործերը

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները պահանջում են բացահայտել «ծածկադմփոց արված» գործերը։
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը այսօր նախագահականի մոտ էին հավաքվել իրենց որդիների լուսանկարներով, իրենց պնդմամբ` ծածկադմփոցի վերածված դատավարությունների ժամանակ անտեսված վկայությունները հիմնավորող փաստաթղթերով եւ պահանջով` դատապարտել զինվորների սպանությունների համար իրական մեղավորներին:

Բողոքի ակցիայի մասնակիցները թռուցիկներ բաժանեցին, որոնց վրա, մասնավորապես, գրված էր․ - «Բանակում ամեն տարի խաղաղ պայմաններում խեղվում եւ զոհվում են տասնյակ զինծառայողներ: Հանցանքները կոծկվում են, մահերը ներկայացվում են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահարներ: Բանակում ստեղծվում է բիրտ ուժի եւ անպատժելիության մթնոլորտ` սպառնալիք դառնալով յուրաքանչյուրիս ընտանիքի համար, ով զինվոր է տվել հայրենիքին»:

Այսօրվա բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ: Ակցիայի մասնակիցները չհանդիպեցին նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: