Սերժ Սարգսյան. «Ուրացումը ոճրի շարունակությունն է»

«Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը մենք չենք պարտադրել։ Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության ուրացումը հանցագործության շարունակությունն է», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական հեղինակավոր Le Figaro թերթին տված հարցազրույցում։

«Մենք անկեղծորեն համարում ենք, որ նրանք, ովքեր փորձում են նենգափոխել մի ժողովրդի նկատմամբ մեկ այլ ժողովրդի գործած ցեղասպանության պատմությունը, ամբողջությամբ կիսում են կատարված ոճրի պատասխանատվությունը», - ընդգծել է Հայաստանի նախագահը։

Ի պատասխան լրագրողի հարցադրման, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, որը ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից, հակասահմանադրական է հռչակվել, Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. - «Ինձ համար դժվար է կանխատեսել որոշումները, որոնք կընդունվեն այս օրինագծի կապակցությամբ։ Ես կարող եմ միայն ողջունել նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումը, որ նա արտահայտել է ինչպես ընտրարշավի ընթացքում, այնպես էլ որպես պետության ղեկավար»։

«Հայաստանին կասկածում են Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմը սատարելու մեջ։ Դա ճի՞շտ է», - այս հարցին Հայաստանի նախագահը արձագանքել է. - «Փորձությունները, որոնց ենթարկվում է սիրիացի ժողովուրդը, չեն կարող անտարբեր թողնել։ Հայկական կարեւոր համայնքը Սիրիայում պատկանում է «հայկական սկզբնական գաղթօջախին», քանի որ հիմնականում Սիրիայով է, որ Հայոց ցեղասպանությունից փրկվածները տեղափոխվել են այլ երկրներ։

Քաղաքացիական պատերազմը դժվարին փորձություն է որեւէ երկրի համար։ Այդուհանդերձ, չկա պատրաստի լուծում։ Դժվար է ասել, թե որքանով արտաքին միջամտությունը կարող է օգտակար կամ անարդյունավետ լինել։ Դեղատոմսերը, որոնք կարող են աշխատել այլ հանգամանքներում, կարող են ողբերգական հետեւանքներ պատճառել Սիրիայում` անդառնալի ցնցումներ առաջացնելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերում։ Հայաստանի Հանրապետությունը կանի հնարավորը` նպաստելու այդ երկրում խաղաղության պահպանմանը եւ ապահովելու այնտեղ հայ համայնքի երկարատեւ եւ կենսունակ ներկայությունը»։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` վերջերս Փարիզում կայացած հանդիպման վերաբերյալ էլ Սերժ Սարգսյանը ասել է, որ այն «թույլ տվեց համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները գոյություն ունեցող շրջանակներում շարունակելու հարցում»։

«Այդուհանդերձ, այդ հանդիպումը հեռու է նոր հույսեր արթնացնելուց», - ընդգծել է Հայաստանի նախագահը` մանրամասնելով, որ պաշտոնական Բաքուն մերժում է միջազգային միջնորդների առաջարկած Հիմնարար սկզբունքները եւ համարում է, որ հնարավոր է ուղղակիորեն բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ` առանց համաձայնեցնելու Հիմնարար սկզբունքները։

«Սակայն խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե հենված է հստակ եւ բոլորի համար ընդունելի սկզբունքների վրա», - նշել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Չնայած Բաքվի գործողություններին, որը փառաբանեց քստմնելի ոճրագործություն կատարած` քնած հայ սպային կացնահարելով սպանած ադրբեջանցի սպային, Հայաստանը կանի հնարավորը խաղաղ կարգավորման հասնելու համար»։

«Վախենո՞ւմ եք Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ մերձեցումից», - այս հարցին էլ Հայաստանի նախագահը բացասական պատասխան է տվել` շեշտելով. - «Մեր քաղաքականությունը չի ուղղորդվում Թուրքիային վնասելու ցանկությամբ։ Այն ուղղորդվում է հստակ սկզբունքների վրա։ Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայի, Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների միջեւ հարաբերությունները բազմապատկվեն, որպեսզի Թուրքիան կարողանա այդ հարաբերությունների միջոցով յուրացնել Եվրոպայի արժեքները»։

«Ֆրանսիայի նախագահները պատմության աչքերին նայելու խիզախություն են ունեցել։ Կարող եմ միայն ողջունել նրանց խիզախությունը։ Ես խնդրելու եմ նախագահ Օլանդին, որպեսզի նա պատմի թուրքական իշխանություններին, թե ինչպես է անձամբ դատապարտել հրեաների տեղահանումը դեպի համակենտրոնացման ճամբարներ։ Դա կարող է դաս ծառայել Թուրքիայի առաջնորդների համար», - եզրափակել է Սերժ Սարգսյանը։