Աֆղանստանի նախագահը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ

Քառօրյա պետական այցով Հնդկաստանում գտնվող Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի օրը Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինղի հետ։

Ավելի վաղ Մումբայում հանդիպելով հնդիկ գործարարների հետ՝ Քարզայը հայտարարել էր, որ իր երկիրը ներդրումներ է ակնկալում, որոնք կխորացնեն երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները։

Հնդկաստանը խոշորագույն դոնոր երկրներից է Աֆղանստանում, որն անցած տարիներին ավելի քան 2 միլիարդ դոլար է ծախսել տարբեր աջակցության ծրագրերով, այդ թվում՝ Աֆղանստանում ճանապարհների եւ խորհրդարանի շենքի կառուցման համար։