ՀԱԿ-ն առաջարկում է ընդլայնել քաղաքական խորհրդակցությունների օրակարգը

Հայ ազգային կոնգրեսը քննարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու հրավերը եւ առաջարկում է ընդլայնել այդ քննարկումների օրակարգը` դրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում «ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր»:

ԲՀԿ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկել էր քննարկումներ անցկացնել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ։

ՀԱԿ-ն առաջարկում է այդ քննարկումներին եւս չորս կետ ավելացնել, մասնավորապես, ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` ՀԱԿ-ի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր, ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային եւ այլ միջոցառումների անցկացում, եւ ապօրինի տնտեսական մենաշնորհների եւ արտոնությունների եւ համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում: