ԲՀԿ մարզային կառույցները Ծառուկյանին են տեսնում որպես նախագահի թեկնածու

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցներում գերիշխող տեսակետը այն է, որ ԲՀԿ-ն 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով այս պահին Շիրակի մարզում հանդիպումներ է ունենում ԲՀԿ-ի ակտիվի եւ տեղի կառույցի ներկայացուցիչների հետ:

Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այսօրվանից ԲՀԿ-ի պատգամավորները այցելում են Հայաստանի տարբեր մարզեր եւ հանդիպումներ են ունենում տեղի կուսակցականների հետ` փորձելով պարզել, թե մարզի բնակիչները ինչպես են տեսնում ԲՀԿ-ի մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

«Մինչ ակտիվի հետ հանդիպումը հանձնարարված է եղել մարզային կառույցների եւ Երեւանի տարածքային կառույցների պատասխանատուներին հանդիպել բնակչության հետ, ճշտել նրանց դիրքորոշումը, տեսակետը, նրանց տեսլականը, թե ինչպես են տեսնում, որ ճիշտ կլինի ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին: Շիրակի մարզում, վստահաբար մյուս մարզերում եւս, որովհետեւ այդպիսին է իմ գործընկերների տպավորությունը, գերակշռող տեսակետն այն է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պիտի մասնակցի սեփական թեկնածուով, եւ իհարկե, այդ թեկնածուն անպայմանորեն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը», - ասաց Զոհրաբյանը:

ԲՀԿ-ի տարածքային կառույցներում տեղի ունեցող այս քննարկումներից հետո նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը կքննարկվի կուսակցության քաղաքական խորհրդում, որտեղ արդեն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ-ն կհրապարակի ընտրություններին մասնակցելու ձեւաչափի իր որոշումը:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ անչափ կարեւոր է լինելու կուսակցության նախագահի որոշիչ ձայնը: Կրկնում եմ, դոմինանտ տեսակետը այն է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով», - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` նախագահական ընտրություններից բացի մարզային կառույցների հետ քննարկում են նաեւ ԲՀԿ-ի կողմից քաղաքական ուժերին ներկայացված առաջարկները:

ԲՀԿ-ն առաջարկել էր կոնսուլտացիաներ սկսել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ձեւավորվելու եւ երկրի կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու խնդիրների շուրջ: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ արձագանքներ են ստացել քաղաքական ուժերից, ԲՀԿ ղեկավար անդամն ասաց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) առայժմ որեւէ պատասխան չունեն: Սակայն, նշենք, որ այսօր ավելի ուշ ընդդիմադիր ՀԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` առաջարկելով ընդլայնել քննարկումների օրակարգը, մասնավորապես, դրանում «ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր»:

«Ժառանգություն» կուսակցությունը առաջարկել էր հարցը քննարկելու համար հանդիպում կազմակերպել, սակայն քանի որ ԲՀԿ պատգամավորները մարզերում են, քննարկումը տեղի կունենա մեկ այլ օր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ հեղափոխական դաշնակցության հետ: Ուրբաթ օրը Նաիրա Զոհրաբյանը եւ Վարդան Օսկանյանը կհանդիպեն Գերագույն մարմնի ներկայացուցիչների հետ: Զոհրաբյանն ասաց` քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկով անպայման կդիմեն նաեւ իշխող Հանրապետական կուսակցությանը, առայժմ չեն դիմել զուտ տեխնիկական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, սակայն, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԲՀԿ-ի առաջարկին, ասել էր. - «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված»: Շարմազանովը չէր մանրամասնել, թե որտեղ մշակվել այդ գաղափարը եւ ով է այն անձը, ով չի կարող սեփական դեմքով գալ իշխանության:

Հակադարձելով Շարմազանովը հայտարարությանը` Զոհրաբյանն ասաց, որ քաղաքական խորհրդակցությունները անցկացնելը «բացառապես ԲՀԿ-ի որոշումն է»:

«Իսկ եթե Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում մասնակցել քաղաքական այդ քննարկումներին, դա բացառապես իրենց իրավունքն է եւ իրենց գործն է: Ովքեր, որ այդ հայտարարության հետեւում ինչ-որ ստվերներ են տեսնում, կարող են դիմել ակնաբույժի», - խորհուրդ տվեց Զոհրաբյանը: