«Հայաստանը հեռու է խոսքի ազատության առումով առաջատարների շարքը դասվելուց»

«Ասել, թե ներկայումս Հայաստանում խոսքի ազատության առումով բարվոք վիճակ է, այնքան էլ ճիշտ չէր լինի, թեեւ եթե համեմատում ենք նախընթաց շրջանների հետ, իհարկե, կարող ենք որոշակի առաջընթաց արձանագրել», - մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանում խոսքի ազատության ոլորտում տեղի ունեցած լուրջ առաջընթացի մասին հայտարարությունը` ասաց Խոսքի ազատություն պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նոյեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ, որի ընթացքում այլ հարցերի թվում անդրադարձել էր Հայաստանում խոսքի ազատության վիճակին:

«Լուրջ առաջընթաց ունենք խոսքի ազատության բնագավառում. մեզ հաջողվեց այս հարցում առաջ անցնել շատ ու շատ երկրներից, այդ թվում եւ զարգացած երկրներից: Մի բան, որով կարելի է հպարտանալ, եւ որը պետք է ամեն գնով պահպանել», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Մելիքյանը ասում է. - «Իհարկե, եթե համեմատենք սովետական ժամանակաշրջանի հետ, ավելի բարձր մակարդակ է, բայց մենք դրա հետ երեւի պետք է չհամեմատենք: Եթե համեմատենք նախորդ նախագահի շրջանի հետ, այո, այստեղ պետք է որոշ առաջընթաց արձանագրենք, որովհետեւ նախորդ նախագահը փակում էր այն լրատվամիջոցը, որի եթերային բովանդակությունը չէր համապատասխանում պաշտոնականին»:

ԽԱՊԿ-ի նախագահը նկատում է` ներկայումս, երբ տարբեր լրատվամիջոցներ սպասարկում են քաղաքական կամ տնտեսական տարբեր խմբերի շահերը, այդուհանդերձ, ոչ իշխանական լրատվամիջոցը չի փակվում:

««Բարգավաճ Հայաստանին» սպասարկող հեռուստաընկերությունը չի փակվում, կամ Դաշնակցությանը սպասարկող հեռուստաընկերությունը չի փակվում: Aյս առումով գուցե կարելի է ասել, որ առաջընթաց կա, բայց առաջընթաց բառը այստեղ հեգնանքով պետք է ասել», - ասաց Մելիքյանը:

«Հայացք» թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորհուրդ տվեց ամեն ինչ գնահատել որոշակի ժամանակային համատեքստում: Ըստ նրա` եթե անգամ կա ինչ-որ առաջընթաց, ապա դա ժամանակի թելադրանքն է, այլ ոչ թե որոշակի քաղաքականության արդյունք:

«Իհարկե, առաջընթաց կա, եւ ես կասեի, որ դա իշխանություններից չի գալիս, աշխարհում ամեն ինչ միշտ դեպի առաջընթաց է գնում, այդ թվում եւ խոսքի ազատությունը: Իհարկե, չի կարելի հավասարեցնել վերջին հինգ տարին նախորդ տաս տարուն: Որ ասես մեծ մամլիչ կա իշխանությունների կողմից առաջվա նման, իհարկե, ոչ, տարբերություն կա», - ասաց Աղաբաբյանը:

«Հայացք»-ի խմբագիրն, այդուամենայնիվ, ճիշտ է համարում ոլորտը գնահատելիս առավել տարբերակված մոտեցում ցուցաբերել: Ըստ նրա այդ առաջընթացը բոլոր ուղղություններով չէ:

«Մամուլի ոլորտում, խոսքի ազատության մասին խոսելիս, պիտի շերտավորենք… օրինակ, հեռուստատեսության մասին չէի ասի այդպիսի բան: Նույնն է մնացել բացարձակ, բացի 1-2 հեռուստաալիքից, որ կուսակցական են, իրենց իրենք գիծն են տանում», - շեշտեց խմբագիրը:

ԽԱՊԿ-ի նախագահը եւս հակված է ոլորտը գնահատել ժամանակային համատեքստում` հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ օբյեկտիվորեն զարգացել են ինտերնետային լրատվամիջոցները:

«Ժամանակաշրջանը, իհարկե, այլ է, եւ տեխնոլոգիաների զարգացումը արդեն թույլ չի տալիս, որ որեւէ ինֆորմացիա չհրապարակվի կամ թաքցվի հանրությունից: Կարծում, որ այսօր իշխանությունները շատ լավ հասկանում են դա, եւ արդեն մոտեցումները այլ են: Ուղղակի հանդուրժելով այլ քաղաքական ուժին ենթարկվող լրատվամիջոցին` նրանք զարգացնում են իրենց լրատվամիջոցները, որոնք գերիշխում են ոլորտում», - ասաց փորձագետը:

Մելիքյանի ամփոփմամբ` այս ամենով հանդերձ Հայաստանը դեռեւս հեռու է խոսքի ազատության առումով առաջատարների շարքը դասվելուց, ինչի մասին վկայում են տարբեր միջազգային մասնագիտական կազմակերպությունների զեկույցները: